Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Միջազգային փորձագետները մասնակցել են ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությանը նվիրված գիտաժողովի առաջին պանելային քննարկմանը

Միջազգային փորձագետները մասնակցել են ՀՀ ԿԲ դրամավարկային 
քաղաքականությանը նվիրված գիտաժողովի առաջին պանելային քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի առաջին պանելային քննարկման թեման է եղել «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից, քննարկմանը մասնակցել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը, Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն, Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը, Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը։

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը քովիդի համավարակից հետո, աշխատելով բարդ միջավայրում, շատ արդյունավետ է գործել գների կայունությունն ապահովելու հարցում», - նշել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը` Կենտրոնական բանկի կազմակերպած բարձր մակարդակի գիտաժողովի ժամանակ:

«Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում» թեմայով պանելային քննարկման ժամանակ բանախոսները Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի` գների կայությունն ապահովելուն ուղղված ջանքերի համատեքստում դիտարկել են ՀՀ ԿԲ-ի` գնաճի թիրախավորման քաղաքականությունը:

«ՀՀ կենտրոնական բանկը 2020 թվականի առաջին կիսամյակում առավել կոշտ քաղաքականություն է վարել և կարողացել է հասնել գների կայունության: Օրինակ, Եվրոպական կենտրոնական բանկը կամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ավելի ուշ են գնացել նման քայլերի, ինչը հանգեցրել է գնաճի»,- ասել է Աթանասիոս Օրֆանիդեսը` հավելելով, որ, չնայած գնաճի կանխատեսումներին, երկար ժամանակ Եվրամիությունում հիմնական տոկոսադրույքը ցածր գոտում էր:

Ըստ աղբյուրի՝ տնտեսագետը կոչ է արել կենտրոնական բանկերին չմոռանալ գիտության և դրա հիմքերի մասին և դրանց դեմ քայլեր չկատարել: «Չի կարելի ամեն բան վերագրել անորոշություններին և դրանով բացատրել որոշումներ չկայացնելը, քաղաքականություն չփոխելը»,- նկատել է Օրֆանիդեսը:

Բանախոսներից Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն զգուշացրել է, որ առաջիկա տասը տարիներին գնաճային ռիսկերը պահպանվելու են` առանձնացնելով դրանք առաջացնող մի քանի գործոն: «Առաջին, շոկերի մեծություն և հաճախակիություն` պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, երկրորդ՝ գլոբալ մատակարարումների շղթաների փոփոխություն և արհեստական բանականության գործոնի հետ կապված անորոշությունները, և երրորդ՝ տնտեսության տարբեր բնագավառների միջև անհավասարության խորացում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է՝ Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը, որն այժմ Սան Անդրեսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, կարևորել է Կենտրոնական բանկի դերը՝ հատկապես կայուն արժույթ ունենալու համատեքստում: «Եթե այն չկա, ապա նորմալ գործող տնտեսություն ունենալը դառնում է երազանք», - նկատել է Ստուրցենեգերը` նշելով Արգենտինայի օրինակը, որտեղ գնաճը 30 տոկոս է:

Նրա խոսքով՝ տնտեսության նկատմամբ Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է լինի չեզոք, քանի որ գլխավոր դրամատան խնդիրը գների կայությունն է, ոչ թե արտադրությունների կամ դրանց ծավալների մեծացումը:

ՀՀ ԿԲ տեղեկացմամբ՝ քննարկման մյուս մասնակիցները` Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը ևս կարևորել են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների դերը գնաճի զսպման գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am