Վրաստանը և Սլովենիան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և նրա սլովենացի պաշտոնակից Մարյան Շարեցը Թբիլիսիում ստորագրել են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության հռչակագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
MoD Burchuladze hosted colleague @sarecmarjan on his official visit to
— MOD Georgia (@ModGovGe) November 6, 2023
Sides discussed:
Defence cooperation perspectives
Ongoing reforms in MOD
Slovenian engagement in SNGP
Also, Ministers signed the joint declaration of cooperation to further intensify partnership. pic.twitter.com/ABdXLlJ1dU
«Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարյան Շարեցը: Նրան ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն... Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանն ստորագրվել է համագործակցության համատեղ հռչակագիր Վրաստանի և Սլովենիայի պաշտպանության նախարարությունների միջև, որը ենթադրում է պաշտպանական գերատեսչությունների մերձեցում և գործընկերության խորացում», - ասված է հաղորդագրությունում։
Մինչև համաձայնագրի ստորագրումը Բուրչուլաձեն և Շարեցը վարել են երկկողմ բանակցություններ, որտեղ քննարկել են երկրների միջև համագործակցության հեռանկարները և միջազգային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները։ Ըստ մամուլի ծառայության՝ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր պաշտոնակցին ծանոթացրել է պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներին, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ համատեղելիության բարձրացմանը։
Գերատեսչությունում ընդգծում են, որ սա Սլովենիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Վրաստան։ Այցի շրջանակներում Շարեցը նաև Թբիլիսիում ծաղիկներ է դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերում զոհված զինվորների հուշահամալիրում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում