Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է կրիպտոակտիվների թողարկման, շրջանառության 
կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԲ հրապարակման մեջ. Մասնավորապես, նշված է. «Վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում:

2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների բարձր ռիսկայնության և վտանգավորության մասին:

Վերջին տարիներին վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալների աճի պարագայում ակնհայտ են դարձել դրանց հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝

  • վիրտուալ ակտիվներում անհատների ներդրումների աճը տեղի է ունենում վերջիններիս շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով և տեղեկատվության, իրացվելիության և գնագոյացման անբավարար թափանցիկությամբ,
  • վիրտուալ ակտիվների ոլորտը բնորոշվում է տարբեր կրիպտոհամակարգերի փոխկապվածության մեծ աստիճանով, մեկ կազմակերպությունում կամ խմբում կուտակված գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, պարտավորությունների էական բարձր մակարդակով՝ պարունակելով, ի թիվս այլոց, շահերի բախումների և ֆինանսական կայունության ռիսկեր,
  • վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,
  • վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայություններ իրենց բովանդակությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, հետևաբար, պետք է կարգավորվեն նույն օրենսդրությամբ, սակայն փաստացի գործող օրենսդրությունից դուրս են գործում, ինչն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցողների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ ԿԲ տեղեկացմամբ՝ ստանդարտներ սահմանող միջազգային կազմակերպությունները (IOSCO, FSB, IMF, BIS, FATF) հստակ դիրքորոշում են հայտնել՝ կարևորելով բոլոր երկրների կողմից վիրտուալ ակտիվների միասնական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորված վիրտուալ ակտիվների շուկայի չտեղայնացված (վիրտուալ) բնույթով և անդրսահմանային շրջանառությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված համաշխարհային զարգացումները, Կենտրոնական բանկը նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման ու վերահսկողության արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ:

Նշվում է, որ արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունելու «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ այն վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվեն նույն ձևով:

ՀՀ ԿԲ գնահատմամբ՝ կարգավորումը հնարավորություն է տալու համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ հստակ իրավական դաշտ ստեղծելով վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]