Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Նոր գիրք»-46/23. Երանյան, Դոցինի, Սուրբ Ծնունդ

«Նոր գիրք»-46/23. Երանյան, Դոցինի, Սուրբ Ծնունդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Հովհաննես Երանյան, «Արչի»
369512538_1453425288908883_855064166022817901_n.jpg (151 KB)

Հովհաննես Երանյանի «Արչի» վեպը արտաքուստ չզուգադրվող, բայց ենթատեքստային մակարդակում բազմաթիվ զուգահեռներ երևակող երկու պատմությունների համադրություն է: Վիպական սյուժեներով խաչմերուկված երկու դարասկիզբ, որոնցից առաջինը Հայոց Մեծ եղեռնի, երկրորդը՝ 44-օրյա պատերազմի իրողություններով է գեղարվեստականացվում՝ իբրև հոգեբանություն, պայքար և հաղթահարում: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

 

Թարգմանական գրականություն
Ջովանի Դոցինի, «Այստեղ պիտի մնայի»
385534286_661713982517323_4732053942721120239_n.jpg (284 KB)

Լուկա Բրեգոլիսեն միջին տարիքի ներկարար է: Ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ Երիտասարդ տարիներին մասնակցել է հասարակական տարբեր շարժումների, կինը տնային տնտեսուհի է, դուստրը չորս տարեկան է, կոմունիստ հայրը թոշակառու է։ Բրեգոլիսեն չարացած է ներգաղթյալների վրա, որոնք խաթարում են իր քաղաքի անդորրը։ Նրա օգնական Նաբիլի անչափահաս որդին թմրավաճառ է: Մարոկկացի Նաբիլը կքած է բազում հոգսերի տակ։ Եվ ահա մի օր Նաբիլի որդին անհետանում է: Բրեգոլիսեն այժմ պետք է վերջնական որոշում կայացնի:

«Այստեղ պիտի մնայի» վեպը տասնվեցօրյա ներքին մտորումների հոսք է։ Այն գրված է առաջին դեմքով եւ ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել Բրեգոլիսեի աչքերով: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

Մանկապատանեկան գրականություն
Սուրբ ծննդյան պատմություններ
370248528_339635735377424_2875610237706562391_n.jpg (71 KB)

Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից):

Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար:

Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը: Կազմող` Դավիթ Սամվելյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am