Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ առաջատար. հայ գրականություն. նոյեմբեր, 2023

«Երևանյան բեսթսելեր». «Թունելից 13 կմ հեռավորության վրա»-ն՝ առաջատար. 
հայ գրականություն. նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․

Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն երկրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը երրորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։

Չորրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:

Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ»-ը հինգերորդ տեղում է։ Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով: Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տերություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է  արտացոլվում անվանի արձակագիր, պետական մրցանակի դափներկիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վեցերորդ տեղում է։ Ժողովածուում տեղ են գտել հեղինակի «Ձորի Միրոն» վիպակը, «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարը և «Ագռավաքար» էսսեների և ակնարկների շարքը, որոնք իրենց ասելիքով արդիական են ցայսօր: Գալշոյանի հերոսներն անվախ են, ժամանակի հոսանքին հակառակ լողացող, անգամ ժամանակից դուրս, ազնիվ և առնական, իրենց հոգու երազը չկորցրած մարդիկ են, որոնք Էրգրում են թողել իրենց երիտասարդությունը, հիշողությունը և արյան կանչով հասել են Արաքսից այս կողմ ու դեռ հաշտ չեն աշխարհի հետ... հարց ունեն աշխարհին տալու. Ինչո՞ւ...

Յոթերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:

 

Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը ութերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:

Բյուրակն Իշխանյանի «Կտորե տոպրակը» իններորդ տեղում է։ Սիրանուշն Օրհուս տեղափոխվեց օգոստոսի վերջին։ Եկավ մի ճամպրուկով՝ Բեռլինի բնակարանը հանձնելուց առաջ դեն նետելով բոլոր հին իրերը։ Ոչ ոք չճանապարհեց նրան։ Կոպենհագենի օդանավակայանից գնացք նստեց, հասավ Օրհուսի գլխավոր կայարան։ Էնտեղից մեքենայով հասավ նախապես վարձած բնակարան։ «Էստեղ կարող ես մնալ այնքան, ինչքան ուզում ես, մինչև մշտական տեղ ճարես», - գրել էր տանտիրուհին, որը համաձայնել էր սենյակը վարձով տալ առանց Սիրանուշին իրական կյանքում հանդիպելու։

Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռուբեն Եսայան

«Թունելից 13 կմ հեռավորության վրա»

հեղ․հրատ 165
2 +1

Գրիգոր Քեշիշյան

«Շելա»

հեղ․հրատ 48
3 +5

Գոհար Նավասարդյան

«Երեք սեր»

հեղ․հրատ 48
4 +1

Աշոտ Աղաբաբյան

«Թակարդ» 

Բուկինիստ 45
5 -1

Հայկ Խաչատրյան

«Տիգրան Մեծ»

հեղ․հրատ 45
6 նոր

Մուշեղ Գալշոյան

«Ձորի Միրոն» 

Էդիթ Պրինտ 45
7 -5

Աշոտ Աղաբաբյան

«Սև հովազ –1»

հեղ․հրատ 40
8 -1

Գրիգոր Քեշիշյան

«Հանդիպում անցյալի հետ» 

Դավինչի 39
9 նոր 199297775.jpg (317 KB)

Բյուրակն Իշխանյան

«Կտորե տոպրակը»  

Ակտուալ 34
10 *

Գոհար Նավասարդյան

«Ինձ պիոններ չնվիրես» 

հեղ․հրատ 24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am