Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Որքան ազգային է Մատենադարանը, այնքան ավելի մեծ պետք է լինի նրա միջազգային համագործակցությունը. Արա Խզմալյան

Որքան ազգային է Մատենադարանը, այնքան ավելի մեծ պետք է լինի նրա 
միջազգային համագործակցությունը. Արա Խզմալյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի համոզմամբ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը մեծ նավ է, որը պետք է դուրս գա մեծ օվկիանոս և չընկալվի միայն որպես Հայաստանի հոգևոր միջնաբերդ: Նա Մատենադարանը դիտարկում է որպես հայագիտական օրակարգ թելադրող կառույց, որի գործունեությունը մշտապես պետք է թե՛ գիտական շրջանակի, թե լայն մասսաների  ուշադրության կենտրոնում լինի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Խզմալյանը խոսել է Մատենադարանի առաջխաղացման, միջազգային հարթակում դիրքավորելուն միտված ծրագրերի, դրամաշնորհների և մի շարք այլ հարցերի շուրջ:

-Պարոն Խզմալյան, ամիսներ առաջ, երբ ստանձնեցիք Մատենադարանի տնօրենի  պարտավորությունները, ասացիք, որ դա չափազանց պատասխանատու աշխատանք է, սակայն Դուք պատրաստ եք դրան և հավելեցիք՝ կառույցում կան խնդիրներ, որոնք լուծելու մեծ ցանկություն ունեք: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

-Ինչքան ավելի հին են մեր արժեքները, այնքան ավելի նոր պետք է լինի կառավարման եղանակը: Նստել և մտածել, որ բավարար է գիտակցել կարևորությունն այն կառույցի, որը ղեկավարում ես կամ որտեղ աշխատում ես, բավարար է հասկանալ այն ձեռագրական հարստությունը, որ ունես՝ շատ քիչ է: Դա հասկանում է Մատենադարանում աշխատող յուրաքանչյուր ոք, բայց մեր առաքելությունը 21-րդ դարում այնպես անել, որ այս կառույցն ունենա իր կոչմանը համարժեք կառավարում, որ այն, ինչ կա այս կառույցում, որ համազգային սեփականություն է, ստանա համազգային հասանելիություն, որ այն, ինչ տեղի է ունենում այս կառույցում, ստանա առավելագույն հանրային տեսանելիություն: Պետք է հանրությունը տեղեկացված լինի  Մատենադարանի գործունեության մասին, այն պետք է լինի հանրության առօրյա կյանքի, հոգևոր շփումների, հոգևոր հաղորդակցության կարևորագույն բաղադրիչը:

Հենց այս ուղղությամբ ենք փորձում տանել Մատենադարանն ու նրա գործունեությունը: Մատենադարանն առաջին հերթին գիտություն է, հայագիտություն և միջնադարանագիտություն է, բայց նաև գիտացուցադրական համակարգ է, թվայնացման գործընթացներն են,  վերականգնման բացառիկ կենտրոնն է մեր երկրում և տարածաշրջանում, այն կրթական ծրագրերն են, ինչպես հետբուհական, այնպես էլ կրթամշակութային: Շուրջ վեց կրթամշակութային ծրագիր կա, որ բացառիկ հետաքրքրության է արժանանում:

Ամենակարևոր բաներից մեկն այն է, որ այս մեծ նավը դուրս գա մեծ օվկիանոս, որ այս մեծ նավը չընկալվի միայն որպես Հայաստանի Հանրապետության հոգևոր միջնաբերդ:

Մատենադարանը պետք է լինի միջազգային առումով հայագիտական օրակարգ ձևավորող, թելադրող կառույց: Այդ նպատակով 2024 թվականին մի շարք լուրջ ծրագրեր ենք նախաձեռնում, որոնք հնարավորություն կտան Հայաստանում մեկտեղելու հայագիտությամբ զբաղվող ծագումով հայ և օտարազգի գիտնականներին և միասնական քաղաքականություն մշակելու հայագիտության միջազգայնացման և այն առաջ մղելու համատեքստում:

Մի քանի ամսվա ընթացքում եղել են կառուցվածքային փոփոխություններ. Մատենադարանը համալրվել է մարդկանցով, որոնք տիրապետում են իմ նշած բոլոր եղանակներին, հանրային իրազեկման տեխնոլոգիաներին և այլն, ստեղծվել է զարգացման առանձին խումբ, որը տարաբնույթ գործառույթներ է իրականացնում: Մատենադարանում չի կարելի մտածել տեղային նախագծերի մասին, չի կարելի մտածել մանր միջոցառումների մասին: Մատենադարանն ամենահանդուգն, ամենախիզախ հղացումների և ծրագրերի կենտրոն է: Մենք պետք է մտածենք համաշխարհային մակարդակով, մեր ծրագրերն իմաստավորենք միջազգային կոնտեքստում և մեր հավակնությունները լինեն միջազգային:

Որքան ազգային է Մատենադարանը, այնքան ավելի մեծ պետք է լինի նրա միջազգային համագործակցությունը:

GEV_1474.JPG (653 KB)

-Եթե չեմ սխալվում, Մատենադարանը դրամաշնորհներ է շահել:  Ո՞ր ծրագրերի իրականացմանն են ուղղվելու գումարները: Ավելի վաղ խոսել եք նաև թարգմանական գրականությանը վերաբերող ծրագրի մասին, որի շուրջ աշխատում եք: Կխնդրեմ բացել նաև այս թեմայի փակագծերը:

-Հայագիտությունը շատ լայն հասկացություն է. այն վերաբերում է հայի հոգևոր մշակույթին, գիտական մտքին, լեզվին, գրականությանը, երաժշտությանը: Այն բոլոր գիտությունները, որոնք ուսումնասիրում են այս շերտերը, կարող են համարվել հայագիտություն, բայց միջազգային գիտական հանրությունն առավելապես հետաքրքրված է հայագիտության միջնադարագիտական հատվածով: Մատենադարանը, այստեղ պահպանվող  ձեռագրական արխիվային ժառանգությունը առավելագույնս միջազգային հետաքրքրության օբյեկտ են, որովհետև այն, ինչ պահվում է մեզ մոտ, չունի միայն ազգային կարևորություն, ունի  միջազգային նշանակություն՝ սկսած մեր ինքնուրյուն տեքստերից՝ մեկնություններ, բժշկագիտություն, աշխարհագրություն, տոմար և այլն, վերջացրած թարգմանական գրականությամբ և օտարալեզու  ձեռագրերով, փաստաթղթերով:  Մենք մի ժողովուրդ ենք, որը պատմության գրեթե բոլոր շրջաններում ակտիվ է եղել: Միայն պատմության մի շրջան է եղել, երբ պասիվացել է թարգմանական գործունեությունը: Մենք թարգմանել ենք այն ամենը, ինչը հասանելի է եղել մեզ: Թարգմանությամբ է ձևավորվել նաև հայոց լեզուն, թարգմանությամբ է հղկվել, մշակվել, կատարելագործվել մեր լեզուն: Այս առումով շատ բան ունենք անելու, որովհետև հիմնականում ուսումնասիրվել և հրատարակվել են ինքնուրույն տեքստերը հայերեն, բայց թարգմանական գրականությունը ստվերվել է:

Գիտական բաժինների ղեկավարների հետ քննարկել ենք թարգմանական մատենաշարի ընթացքն ակտիվացնելու հարցը: 2024 թվականին լույս կտեսնի թարգմանական մատենաշարի առաջին հատորը: Կան նաև ձեռագրեր, որոնց բնօրինակները կորսված են, միայն շնորհիվ հայերեն թարգմանությունների դրանք պահպանվել են ու հասել գիտական հանրությանը և ունեն բացառիկ պատմական ու գիտական կարևորություն, որովհետև բացառիկ տվյալներ են պարունակում: Մեծ աշխարհի մաս լինելու մեր առաքելությունը լուրջ քաղաքական նշանակություն ունի: Այն ժամանակ կրթություն ստանալու, մտավոր աշխատանքով զբաղվելու մի հաստատությունը եկեղեցին էր, վանքերն էին ու բոլոր կրթված և ուսյալ մարդիկ հոգևորականներ էին: Բոլոր ժամանակներում մեր նախնիները աշխարհի հետ շատ համահունչ են եղել, առաջավոր մտքին, մտքի բոլոր  փոխակերպումներին հետամուտ են եղել և դրանք ամրագրված են մեր ձեռագրերում, լինեն ինքնուրույն, թե թարգմանական ձեռագրեր: Այս գաղափարը պետք է շատ ամուր դիրքավորվի միջազգային տեղեկատվական հարթակներում, գիտական կենտրոններում: Այս իմաստով ես չգիտեմ մեկ այլ կառույց, որ ունի այնքան ներուժ լինելու միջազգային հեղինակություն, որքան Մատենադարանը, բայց խոսքը պետք է գործ դառնա:

Մենք ասում ենք, որ Մատենադարանը հայագիտական կենտրոն է, բայց միջազգային համալսարաններում փակվում են հայագիտական կենտրոնները, դրանք վերածվում են բաժինների, բաժինները՝ խմբերի: Այդ գործընթաց պետք է օր առաջ կանխել:

-Այսինքն` հայագիտության նկատմամբ օտարների հետաքրքրությունը կորչո՞ւմ է:

-Մենք պետք է պետական օրակարգ ձևավորենք: Հայագիտությունն առաջ տանող մարդիկ, որոնք հիմնականում իրենց սեփական նախաձեռնությամբ են հաճախ զբաղվում հայագիտությամբ ու հայագիտական հետաքրքրություններն առաջ տանում, պետք է իմանան, որ իրենց թիկունքում կանգնած են պետական կառույցներ: Ես այդ օրինակը հաճախ եմ բերում, որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում այս կամ այն հեղինակավոր համալսարանում ադրբեջանագիտական ամբիոններ հիմնելու համար: Մենք ունենք այդ ամբիոնները, ունենք այս ռեսուրսը, գործընկերներ, որոնք շատ հաճախ ինքնուրույն առաջ են տանում մեր շահերը, որոնք պետական շահեր են:

Այս բոլոր մեծ գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ: Կառավարչի առաջին գործառույթը պետք է լինի մեծ գաղափարների և դրանց իրականացման միջոցների հստակեցումն ու ապահովումը: Եթե կառավարիչը միայն մեծ գիտական մտքեր ունի, նա կարող է համարվել մեծ գիտնական, բայց  ոչ երբեք պրոֆեսիոնալ կառավարիչ: Նա հենց գիտական շահը, գիտական  հետաքրքրությունն ու դրան հասնելու գործնական մեխանիզմները մշակող մարդն է, իսկ դա առանց դրամի չի լինում: Եթե այս մեծ ծրագրերի իրականացման համար աջակցություն է ակնկալվում միայն պետությունից, ուրեմն կառավարչի անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարիչն ինչ-որ առումով պետք է նաև պետության հոգսերը թեթևացնի, առավել ևս, եթե այդ կառավարիչը ղեկավարում է հաստատություն, որը մեծ հեղինակություն, վարկանիշ ունի ու համարվում է հայության հոգևոր խորհրդանիշը, ուստի մեծ ուշադրություն ենք դարձնում սեփական միջոցներն ավելացնելու հանգամանքին: Դա անում ենք և անելու ենք Մատենադարանի թանգարանային հատվածի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու ճանապարհով:

Վերջերս մենք սկսեցինք քայլեր գործադրել տոմսերի էլեկտրոնային վաճառք իրականացնելու ուղղությամբ: Մատենադարանի նման հզոր կառույցը մինչ օրս չուներ տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգ: Անընդհատ տեղեկատվական դաշտում պետք է խոսք լինի Մատենադարանի մասին, Մատենադարանի գործունեության մասին, պետք է դիվերսիֆիկացնել ցուցադրությունները, զուտ տեքստաբանական ցուցադրությանը զուգահեռ պետք է լինեն նաև այլ ցուցադրություններ, որոնք կապ կունենան այս կառույցի հետ: Օրեր առաջ մենք բացեցինք Ղուկաս Չուբարյանի քանդակների ցուցադրությունը… Ինչքան ավելի խայտաբղետ ու բազմազան է մեր առաջարկությունը, այնքան ավելի շատ մարդ կհետաքրքրվի Մատենադարանով:

«Կատապուլտ» ստեղծարար ծրագրի շրջանակներում շահել ենք գրեթե 22 մլն դրամ դրամաշնորհ: Օրեր առաջ ստորագրեցինք պայմանագիր, որով ձևավորելու ենք մի միջավայր, որը  պետք է խթանի հետաքրքրությունը  միջնադարյան բժշկագիտության բաղադրատոմսերի, բժշկարանների և այլնի հանդեպ: Սա ևս լրացուցիչ առաջարկ է մեր պոտենցիալ այցելուներին:

GEV_1486.JPG (643 KB)

-Գիտաժողովներից մեկի ժամանակ հնչեց կարծիք, որ հնարավոր է՝ հենց Մատենադարանում ստեղծվի բաժին, որը կզբաղվի այդ բաղադրատոմսերի արտադրությամբ:  

-Միշտ չէ, որ անհրաժեշտ է ամեն գործառույթի համար ստեղծել բաժին: Մասնագիտացված կազմակերպություններ կան, որոնք ունեն մեծ փորձ, հետաքրքրվածություն: Այժմ համագործակցում ենք համալսարանի կենսաբանական լաբորատորիաների հետ: Մեր մասնագետները նշեցին, որ Մատենադարանում կենսաբանական լաբորատորիա ունենալու կարիք կա, որը սնկաբանական, միջատաբանական հետազոտություններ կիրականացնի, վերլուծություն և այլն: Մեզ հինգ կամ վեց, գուցե ավելի տարի պետք կլիներ նման լաբորատորիան տեխնիկայով հագեցնելու և արդյունք ունենալու համար: Եթե Երևանի պետական համալսարանն ունի այդ կենտրոնը, մենք կարող ենք համագործակցել նրա հետ և մեր տվյալները տրամադրել նրանց մասնագետներին, օգտվել այն տեխնիկական զինվածությունից, որ ունի կենտրոնն ու համագործակցության արդյունքում թռիչքաձև զարգացում կապրի նաև Մատենադարանի վերականգնման լաբորատորիան:

Սա նույնպես կառավարչի պրոֆեսիոնալ կարողությունների մի մասն է. շատ կարևոր է, որ կառավարիչը ճիշտ բաշխի ռեսուրսները: Հիմա միջոցներ ենք դնում գովազդատեղեկատվական արշավների կազմակերպման համար, բարեգործական միջոցներով ձեռք ենք բերում թանկարժեք մաքրման սարքավորումներ: Մի անգամ գործընկերներիցս մեկը հարցրեց, թե արդյոք կարիք կա՞ հատակի փայլեցման միջոց գնել, որն արժե 1 մլն 300 հազար դրամ: Ես գիտեմ, թե ինչու ենք մենք դա գնում: Այն հոգեբանություն փոխող բան է: Մատենադարանում աշխատող մաքրուհին պետք է օգտվի ամենալավ միջոցներից, Մատենադարան մտնող մարդը պետք է տեսնի ամենալավ սարքավորումները: Սա ընդհանուր հոգեբանությունը փոխելու, Մատենադարանը որպես հարուստ կազմակերպություն, չեմ վախենում այդ բառերից, որպես թանկ միջավայր ընկալելու ձևերից է:

Արդեն ասվեց, որ մի քանի մասնավոր կազմակերպությունների միջոցով ստացել ենք դրամաշնորհներ, հատկացումներ, նվիրատվություններ, որոնցով պետք է թվայնացման ու վերականգնման բաժինների ենթակառուցվածքները զարգացնենք, համալրենք նոր տեխնիկայով ու սարքավորումներով: Անհատական բարեգործության շնորհիվ ամրապնդում ենք Մատենադարանի անվտանգային համակարգը: Շատ բան կա անելու:

Այս ընթացքում Մատենադարանի հաշվեհամարներին մուտք է գործել շուրջ 200 մլն դրամ. և՛ պետական կառույցներն են աջակցում, օրինակ՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, և՛ անհատ բարերարները, և՛ դոնոր կազմակերպությունները: Միշտ այն մտքին եմ, որ սեփական եկամուտները մեծացնելը պետք է լինի շատ կարևոր հանգամանք: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել գիտությունը, հրատարակել գիրք, չենք մտածելու, թե ինչ միջոցներով, եթե ուզում ենք մեր գիտաշխատողներին ուղարկել վերապատրաստման, չպիտի մտածենք՝ ինչ միջոցներով: Գիտության առաջընթացն առանց ֆինանսական ներդրումների 21-րդ դարում ուտոպիա է: Իմ երազանքն է, որ Մատենադարանը դառնա հարուստ, իր խնդիրները շատ առումներով ինքնուրույն լուծող կազմակերպություն, հատկապես, որ մենք ունենք ՀՀ կառավարության ամբողջական ու անվերապահ աջակցությունը: Դա ավելի է պարտավորեցնում: Աշխարհում շատ միջոցներ ու հովանավորներ կան, պետք է հստակ իմանալ սեփական նպատակներն ու կարիքները և դրանք ճիշտ ձևակերպել:

 -Արդեն խոսեցինք Մատենադարանի միջազգայնացման կարևորության մասին, սակայն բացահայտում չեմ անի, եթե ասեմ՝ մինչև մենք ինքներս մեզ չճանաչենք, դժվարությամբ կկարողանանք ներկայանալ աշխարհին: Մի առիթով նշել եք, որ Մատենադարանը պատշաճ չափով և ծավալով ներկա չէ մեր ազգային կյանքում, խոսեցիք նաև ցուցադրությունների մասին: Ի՞նչ այլ նախաձեռնություններ պետք է իրականացվեն, որպեսզի Մատենադարանը մոտ լինի ոչ միայն դպրոցականներին, զբոսաշրջիկներին, գիտության բնագավառի մարդկանց, այլև լայն մասսաներին, որ այն լինի անհասանելի, միևնույն ժամանակ յուրաքանչյուրիս հետաքրքրության կարևորագույն առարկան:

-Շատ կարևոր և նուրբ հարց է: Մի կողմից Մատենադարանը պետք է մոտենա հանրությանը, մտնի մարդկանց ամենօրյա հոգևոր պահանջմունքի տիրույթ, մյուս կողմից չկորցնի իր սակրալությունը, սրբության զգացումը, որ ամեն հայ մարդ ունի Մատենադարանի հանդեպ: Տաճարի կարգավիճակը Մատենադարանը չի կարող զիջել: Մենք իրականացնում ենք Մատենադարանի բրենդավորման աշխատանքը շատ հայտնի մասնավոր կազմակերպության հետ, որը գրեթե Հայաստանում չի աշխատում: Այն բարեգործական հիմունքներով է իրականացնում Մատենադարանի բրենդավորումը:

Մատենադարանը բազմաշերտ է և ունի երկու հիմնական բևեռ՝ գիտությունն ու գիտական մասնաշենքը, որը սիրում է լռություն, անաղմուկ աշխատանք, բայց դա չի նշանակում, որ գիտական արդյունքի հանրայնացման աշխատանքներ չեն տարվելու, և գիտացուցադրական համակարգը՝ խանութներ, ծառայություններ, որ պահանջում են զանգվածայնություն, տեսանելիություն և միշտ տեղեկատվական ալիքի վրա լինելու նպատակ: Այդ պատճառով մենք տարբեր խնդիրներ ենք հետապնդում: Երկրորդ կենտրոնում մարքեթինգային, ձեռնարկատիրական, թանգարանային գործունեություն, այցելություններ, այլ ծառայություններ,  վերականգնման լաբորատորիաների առանձին այցեր են: Այդ ճանապարհով գեներացված միջոցների ի սպաս դնելը գիտության մեջ Մատենադարանի համար գերակա է և առաջնահերթ:

Մենք երկու նժարի վրա պահում ենք մեր քաղաքականությունն ու գործունեությունը:

GEV_1502.JPG (459 KB)

-Վերջերս առիթ ունեցա մասնակցելու Երիտասարդական գիտաժողովին, որի ընթացքում ընդգծեցիք ավելի մեծ միջազգային մասնակցությամբ գիտաժողովների  կազմակերպման կարևորության մասին: Հաջորդ տարի կլինե՞ն գիտաժողովներ, որոնք մեծ հետաքրքրություն են վայելում և որոնց մասին դեմ չեք այժմ խոսել:

-2024-ին Երիտասարդական գիտաժողովը բոլորելու է տասը տարին: Նպատակ ունենք այն անցկացնել այլ ձևաչափով, միջազգային լայն ընդգրկումով: Այն պետք է դառնա հարթակ, որի նպատակը երիտասարդ գիտնականներին, ովքեր հայագիտության հանդեպ հետաքրքրություն ունեն, մեր դաշտ բերելն է և մեր երկիրն ու մշակույթը նրանց համար հարազատ և սիրելի դարձնելը: Առանց այս հոգեբանական մոտիվացիայի շատ դժվար է մեծ խնդիրներ լուծել: Հուսամ՝ մեզ կհաջողվի մյուս տարի գրավոր ժառանգության վերականգնման և բնագրագիտության մագիստրոսական ծրագրեր ունենալ:

Համարում եմ, որ Հայաստանում պետք է լինի մի հարթակ, որ կհամախմբի հայագետներին, միջնադարանագետներին՝ գիտական և այլ հարցեր քննարկելու: Սա ծայրահեղ անհրաժեշտության մի բան է. մենք պետք է մեր կապերն ամրապնդենք ու զարգացնենք միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: 21-րդ դարում խոսել ձեռագրերի, բնագրագիտության, տեքստաբանության մասին՝ շրջանցելով բարձր տեխնոլոգիաները, չի կարելի: Ցանկանանք, թե ոչ՝ որևէ մեկը օրակարգից արհեստական բանականության խնդիրը չի հանի: Վաղն այն լինելու է գերիշխող մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Կա իրողություն, որի հետ հաշվի չնստել չի կարելի, և ձեռագրագիտությունը դուրս թողնել այդ գործընթացներից, երբ բնագրերի ուսումնասիրությունն օր օրի ավելի է կապվում բաձր տեխնոլոգիաների հետ, նշանակում է մի մեծ շերտ բաց թողնել ժամանակակից հրամայականների շարքում:

Օրերս շատ կարևոր զրույց ենք ունեցել մի մասնավոր կազմակերպության հետ. կարծում եմ՝  բարեհաջող ընթացքի դեպքում այս առումով կարող ենք   դուրս գալ ավելի մեծ օվկիանոս, քան կարող ենք պատկերացնել:

Չմոռանանք, թե տեղեկատվական ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ պատերազմ է գնում մեր մշակութային արժեքների յուրացման, պատմական խեղման ուղղությամբ: Տեղեկատվական ահռելի ճակատամարտում ենք: Ըստ իս՝ միջազգային հայագիտական ռեսուրսը, այն ներուժը, որ կա աշխարհում, փայլուն գործիք ու վահան է այդ  պատերազմի դեմն առնելու կամ կանխելու, համարժեք պատասխան տալու համար: Այդ նպատակով ենք հատուկ ուշադրություն դարձնելու գրահրատարակչության ոլորտին: Վերջին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գրահրատարակչության բաժինը վերաճեց Մատենադարանի հրատարակչության: Մենք չենք պատրաստվում գիրք տպագրել, բայց Մատենադարանն ունենալու է բրենդային հրատարակչություն, այսինքն՝ այն, ինչ տպվեց, տպվելու է «Մատենադարան» հրատարակչություն անվամբ: Արդեն դիմել ենք տարբեր դրամաշնորհների, և հույս ունեմ, որ լավ արդյունք կլինի մինչև տարեվերջ: Մենք նաև խնդիր ունենք մեր ձեռագրական, միջնադարյան, հոգևոր մշակութային արժեքները պարզ ու մատչելի լեզվով, օտար լեզվով ներկայացնելու անծանոթ մարդկանց, ոչ միայն հետաքրքիր լինելու գիտնականներին, այլև ցանկացած մարդու, որը կբացի պատկերագիրքը, կթերթի հայկական մանրանկարչությունն ու կփոխի իր պատկերացումը Հայաստանի և նրա մշակութային արժեքների մասին:

Երբ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար էի, նախաձեռնեցի «Հայ մշակույթը օտար լեզուներով» դրամաշնորհային անվանակարգը, որի նպատակը հենց այդ տեղեկատվական բացը լրացնելն էր՝ պարզ, հանրամատչելի հրատարակություններ, շքեղ պատկերագրքեր, որոնք կտարածվեն աշխարհով մեկ:

-Տարբեր մշակութային կառույցների ղեկավարներ երբեմն բարձրաձայնում են, որ պատշաճ պայմաններ չունեն ֆոնդերի ցուցանմուշները, արժեքները պահպանելու համար: Մատենադարանում կա՞ն ձեռագրեր, որ գուցե անուշադրության են մատնվել, անմխիթար վիճակում են և հրատապ վերականգնման կարիք ունեն:

-Հրատապ վերականգնման ձեռագրեր, փաստաթղթեր, հնատիպ գրքեր կան, բայց դրանք Մատենադարանում հանգրվանելու ժամանակ չեն հասել այդ վիճակին: Դաշունահար ձեռագրեր, այրված, ցեղասպանության տարիներին փրկված ձեռագրեր կան: Այդ ձեռագրերը պատմականորեն են բերել Մատենադարան: Մատենադարան մտած արժեքն անվտանգ է, սակայն դա մեզ թույլ չի տալիս թուլանալ և հանգիստ լինել: Արտակարգ անվտանգային համակարգ կա Մատենադարանում. շուրջօրյա տեսահսկում, տեսագրություն, ոստիկանական վերահսկողություն, հատուկ բունկերային համակարգ, որտեղ  մուտք գործելն ուղղակի անհնար է: Բնագրերը գրեթե չեն սպասարկում: Թվայնացման բաժնում պատվերները թվայնացնում ու տրամադրում ենք գիտնականներին: Բացառիկ դեպքերում, երբ կարիք կա շփվելու ձեռագրերի հետ, այդ պարագայում կան ներքին ընթերցասրահներ բունկերներում, որտեղ ձեռագրերը սպասարկում ենք: Այս առումով անհանգստանալու ոչինչ չկա, և բարձրացրած աղմուկը, թե Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում թողնված ձեռագրեր կան, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Օրիգինալ ձեռագրեր երբեք չեն ցուցադրվել Գանձասարում: Մատենադարանում ստեղծվել էր հատուկ բաժին, որ կրկնօրինակում էր ձեռագրերը: Կրկնօրինակներն են ցուցադրվել Գանձասարում, այսինքն՝ բոլոր ձեռագրերը գտնվում են իրենց տեղում՝ տանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից անմիջապես հետո Գանձասարի  մասնաճյուղի բոլոր աշխատակիցները տեղափոխվել են Մատենադարան, աշխատանք ստացել այստեղ. հնարավոր բոլոր միջոցներով կա աջակցություն մեր կողմից: Մատենադարանի այն աշխատակիցները, որոնք եկել են Լեռնային Ղարաբաղից, մասնավոր անհատի կողմից ամենամյա աշխատավարձ են ստանալու, բացի այն, ինչ ստանում են Մատենադարանից: Դա լինելու է տևական ժամանակ: Բացի այս ֆինանսական ու սոցիալական աջակցությունը նաև մեր աշխատակիցներն են ուժեղ հոգեբանական աջակցություն ցույց տալիս մեր հայրենակիցներին: Մենք բոլորս հասկանում ենք հոգեբանական այն բարդ վիճակը, որով նրանք եկել են Հայաստան, և նրանք մեր ուշադրության առանցքում են: Մենք թույլ չեն տալիս, որ նրանք պարապ մնան, որովհետև աշխատանքով մարդիկ կարող են մի փոքր շեղվել խնդիրներից:

Վերադառնալով ձեռագրերին՝ ընդգծեմ, որ հատուկ ուշադրություն ենք դարձնելու նաև ձեռագրերի հավաքագրման աշխատանքին: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց առաջիկայում կարծում եմ, որ լավ լուրեր ենք ունենալու այս առումով: Վերջերս արժեքավոր արխիվային համալրում ունեցանք. ֆրանսահայ արվեստագետի անհատական արխիվային ֆոնդը եկավ Մատենադարան, ձեռք ենք բերել մի եզակի կոնդակ, որի մասին շուտով տեղեկություն կտարածենք: Ամենամեծ գաղափարը, որ կրում եմ և կրում ենք մեր թիմով, աշխատակիցներով, այն է, որ Մատենադարանի առաքելությունը ազգային լավատեսությունը պահպանելն է:

Նա, ով աշխատում է Մատենադարանում, իրավունք չունի հոռետես լինել, Մատենադարանը հայ մարդու լավատեսության խորհրդանիշն ու մարմնացումն է, և Մատենադարանն այս առումով  ևս պետք է լինի տարածական  ու թելադրող:

-Պարոն Խզմալյան, շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար: Վստահ եմ՝ Ձեր բոլոր ծրագրերը կիրականացնեք:

-Ես եմ շնորհակալ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am