Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանն ու Կիպրոսն ակտիվացնում են գործարար կապերը

Հայաստանն ու Կիպրոսն ակտիվացնում են գործարար կապերը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Կիպրոս գործարար կապերը նոր մակարդակի են բերվում։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության «Մ. Թարգեթ գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսական աջակցման և խորհրդատվության դեպարտամենտի նախագահ Օդիսեաս Մելիկիդեսն իր գործընկերների հետ տեղում ուսումնասիրելու երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Օդիսեաս Մելիկիդեսը նկատեց, որ Կիպրոսում Հայաստանի մասին  տեղեկատվությունը շատ քիչ է։

«Շատերը տեղեկացված չեն Հայաստանում բիզնես հնարավորություններից և հայկական արտադրանքից։ Ահա մենք այստեղ ենք՝ տեղում ուսումնասիրելու պայմանները, ծանոթանալու, նոր կապեր հաստատելու։ Արդեն տեղի գործարարների հետ հանդիպել ենք, ոլորտները տարբեր են՝ խմիչքների արտադրություն, տեքստիլ, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Քննարկել ենք արտաքին շուկա դուրս գալու հիմնական խնդիրներ։ Ես Հայաստանում առաջին անգամ եմ ու շատ տպավորված։ 2024 թվականի համար նպատակ ենք դրել Հայաստանի գործարարներին օգնել դուրս գալ ոչ միայն եվրոպական շուկա, այլև Կիպրոսի գործարարներին ծանոթացնենք Հայաստանի շուկայի հետ։ Համագործակցության ակտիվացման մեծ ներուժ կա և պետք է աշխատել»,-ասաց Օդիսեաս Մելիկիդեսը։

Մինչ այս այցը, դեռ ընթացիկ տարվա ամռանը գործարար խմբի հետ Կիպրոսում էր գտնվում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։ Կիպրոսի գործընկերները բավական լուրջ աշխատանք են կատարում տնտեսական գործարար կապերի ակտիվացման, մաքսային, հարկային օրենքների իրազեկման ուղղությամբ։ Դիտարկվում են ամենատարբեր ոլորտներ՝ զբոսաշրջություն, տեքստիլ, խմիչքների արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Բանախոսները նկատեցին, որ Կիպրոսը կարող է ոչ միայն լավ շուկա լինել հայ գործարարների համար,  այլ այն կարող է պատուհան լինել դեպի Եվրոպա։

«Կարծում եմ, որ այս երկկողմ համագործակցությունն իր դրական արդյունքներն արդեն տվել է։ Քննարկվում է Կիպրոսում հայկական որոշ ընկերությունների ներկայացուցչություններ գրանցել, որը լրացուցիչ հնարավորություն կտա հայկական գործունեությունը ներկայացնել այդ երկրում։ 2024 թվականն ավելի ակտիվ ժամանակահատված կլինի բազմակի ծրագրերի իրականացման ուղղությամբ»,-ասաց Մարիամ Մանուկյանը։

Առաջիկայում Կիպրոսում նախատեսվում է իրականացնել գործարար համաժողով ու ցուցահանդես։

Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Կիպրոսից բացի այլ ուղղություններով ևս ակտիվ աշխատանք է տարվելու, մասնավորապես Չեխիայի, ԱՄՆ-ի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am