Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ժամանակն է արժանիներին խրախուսելու նոր, աշխարհում վաղուց ընդունված այլ միջոցներ ներդնել. Փոխնախարարը՝ պատվավոր կոչումների չեղարկման նախագծի մասին

Ժամանակն է արժանիներին խրախուսելու նոր, աշխարհում վաղուց ընդունված 
այլ 
միջոցներ ներդնել. Փոխնախարարը՝ պատվավոր կոչումների չեղարկման 
նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվավոր կոչումների շնորհումը վերանայելու նախագծի նպատակը մասնագիտական շրջանակներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի ապահովումն է, ինչպես նաև մասնագիտական հանրույթներում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցությունները բացառելն ու առանձին մասնագետների խրախուսման համար չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմ ներդնելը:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

- Տիկին Հարությունյան, պատվավոր կոչումների չեղարկման նախագիծն այսօր խորհրդարանում բուռն քննարկման առիթ դարձավ: Կխնդրեմ ևս մեկ անգամ հստակեցնեք, թե կոչումների շնորհումը վերացնելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Շնորհակալ եմ հարցի համար: Իրականում պատվավոր կոչումներից հրաժարվելու գաղափարը բնական է, որ միանշանակ արձագանք չէր գտնելու, սակայն նախագծի նպատակը, ըստ էության, պարզ է՝ դա մասնագիտական շրջանակներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի ապահովումն է, մասնագիտական հանրույթներում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցությունները բացառելն է, առանձին մասնագետների խրախուսման համար չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմ ներդնելն է: Առավելապես խորհրդային ժառանգություն հանդիսացող կոչումներից ժամանակն է հրաժարվել, քանի որ «ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչի պատճառով ակնհայտ է, որ որևէ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և կամ գործունեության հանրային ընկալումը չի կարող ստուգվել կամ չափվել, ոչ էլ վավերացվել կամ մերժվել պետական որևէ մարմնի կողմից:

Այսօր ներկայացրի նաև այն թեզը, որ ժամանակն է արժանի անհատներին խրախուսելու նոր, առաջադեմ աշխարհում վաղուց արդեն ընդունված այլ միջոցներ ներդնել, օրինակ՝ ոլորտային մրցանակաբաշխությունները միայն ոլորտի մասնագետների կողմից գործիչների արժանիքների գնահատական տալու միջոցով՝ մրցանակի տեսքով, ըստ որում՝ նման մրցանակաբաշխությունները կարող են լինել ամենամյա՝ որը կխրախուսի ոչ միայն հենց մրցանակակրին, այլ կխթանի ոլորտի մյուս մասնագետներին (գործիչներին) շարունակաբար ունենալ իրենց ներդրումը հաջորդ մրցանակին արժանանալու համար:

-  Նախագծի քննարկման համատեքստում ԱԺ ամբիոնից Դուք նշեցիք կոչումներ ստացած անձանց անուններ, որը ոչ միանշանակ ընդունվեց: Նրանցից ոմանք արդեն անգամ արձագանքել են: Արդյո՞ք նախագիծը անձերի մասին է, ինչո՞ւ անուններ հիշատակվեցին:

- Այո, հնչեցրել եմ անուններ և ցավով եմ բարձրաձայնել, որ այդ արժանավորագույն մարդկանց ժողովրդականությունը ներկայումս եթե հարցախուզով փորձենք հասկանալ՝ ցավալիորեն կպարզենք, որ նրանց ճանաչելիությունը նվազել է, և ոչ այն պատճառով, որ իրենց չեն տրվել ժողովրդականի կամ վաստակավորի կոչումները, այլ այն պատճառով, որ նշածս և իմ կողմից չնշված բազմաթիվ այլ հարգարժան անձանց աշխատանքը բավարար չափով ժամանակի ընթացքում չի լուսաբանվում, չի հանրայնացվում, շարունակական աշխատանք չի տարվում նրանց հանրային ընկալումը բարձր պահելու ուղղությամբ: Ի հակադրություն կասկածելի «ժողովրդականություն» են վայելում լրիվ այլ անուններ, այլ գործիչներ, ում թվում է՝ չպետք է դիտարկեինք որպես օրինակելի անձինք, այնպիսիք, ում անցած ճանապարհը մեզ համար պիտի ուղենիշ լիներ: Չնայած այն հանգամանքին, որ իմ ասածները ենթատեքստից կտրել են և որոշ դեպքերում ներկայացրել են միանգամայն այլ կերպ, այդուհանդերձ, ինձ մխիթարում է այն, որ գոնե իմ հնչեցրած անունների պատճառով, թեկուզ խեղաթյուրելով հնչեցրածս միտքը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ և ցանկալի կլիներ երիտասարդներ հետաքրքրություն կցուցաբերեն նշածս անձանց գործունեության նկատմամբ:

- Նկատի ունենալով նախագծի շուրջ նման քննարկումները՝ հնարավո՞ր է, որ դրանում վերանայումներ իրականացվեն:

- Նախագծի շուրջ քննարկումներն իրականում նոր չեն, գաղափարը մեկ տարի քննարկվել է տարբեր հարթակներում, 2 անգամ հանրային քննարկման է դրվել: Դրա վերաբերյալ քննարկումները կարող են տևել շատ ավելի երկար, բայց կարծում եմ, որ մեր հանրությունը իրապես պիտի որ ընդունի այն, պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի որևէ ոլորտում որևէ անձի տիտղոսավորմանը, պատվավոր կոչումները չպետք է որպես քաղաքական լծակ դիտվեն, պետությունը չպետք է որոշի անձի «վաստակավոր» կամ «ժողովրդական լինելը», պետությունը պարտավոր է ստեղծել և խթանել հավասար գործելու և ստեղծագործելու պայմաններ բոլորի համար, իսկ ժողովրդի սերն ու հարգանքը չափելի չէ և պետք չէ չափել, դա անչափ էլ պետք է լինի մեր ժողովրդի արժանավորագույն զավակների հանդեպ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am