Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կառավարությունը միջազգային ներդրումային հիմնադրամների գործունեությունը խթանող ծրագիր հաստատեց

Կառավարությունը միջազգային ներդրումային հիմնադրամների գործունեությունը 
խթանող ծրագիր հաստատեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ներդրումային ֆոնդերի ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի ֆինանսների հասանելիության դյուրացմանն ուղղված ծրագիր է հաստատել։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 18-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շահառու են համարվում այն ներդրումային ֆոնդերը, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում։

«Նշեմ, որ այս ծրագրի իմաստով գերակա ոլորտներ են համարվում երեքը՝ մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը։

Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը: Ընդ որում՝ կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո:

Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր, և տնտեսվարողներին այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի»,- ասաց Իսպիրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ուղերձն ուղղված է միջազգային ներդրումային հիմնադրամներին։

«Ասում ենք, եթե դուք մեկ միլիարդ դոլարից ավել կառավարող հիմնադրամ եք և Հայաստանում որևէ ներդրումային ֆոնդ ստեղծելու պարագայում, երբ դուք կներդնեք առնվազն 250 միլիոն դրամ գումար, կառավարությունն այդ հիմնադրամին 30 տոկոս գումար կավելացնի։ Այսինքն՝ ներդրողի կողմից 250 միլիոն դրամի ներդրման պարագայում կառավարությունը 75 միլիոն դրամի համաներդրում կանի։  Այսպիսով, մենք ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը Հայաստանում»,- ասաց վարչապետը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am