Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը երկրում արբիտրաժային նոր մշակույթ է ձևավորում. Տաթևիկ Մատինյան

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը երկրում 
արբիտրաժային նոր մշակույթ է ձևավորում. Տաթևիկ Մատինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներից արբիտրաժն ընդունված է ամբողջ աշխարհում և մեծ տարածում ունի։ 2023 թվականի մայիսին Հայաստանում բացվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը որպես միջազգային հեղինակավոր մասնագետներով համալրված, հոգաբարձուների և արբիտրաժային խորհուրդներ ունեցող արբիտրաժային կենտրոն՝ առաջինն ու միակն է Հայաստանում։ Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանի հետ զրուցել ենք արբիտրաժային կենտրոն հիմնադրելու, նպատակների, արբիտրաժային մշակույթի տարածման անհրաժեշտության և այլ թեմաների մասին։

-Տիկին Մատինյան, մի փոքր խոսենք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին։ Որքա՞ն ժամանակ է, որ իրավական ոլորտում եք։

-Իրավական ոլորտում սկսել եմ աշխատել դեռևս 2000-ականների սկզբից՝ սովորելուն զուգահեռ։ Հիմնականում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններում էի աշխատում, բայց փորձի ձեռքբերման և հմտությունների կատարելագործման տեսանկյունից լավագույն դպրոցներից մեկն ինձ համար եղել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որտեղ իրավական ծրագրերի համակարգողն էի. 18 հոգանոց թիմի և 3 մասնաճյուղի ղեկավարումն ինձ էր վստահվել։ Ինձ համար ասամբլեայում աշխատելն առանձնակի կարևոր էր, որովհետև իրավական ոլորտում կառավարումը (մենեջմենթը) բավականին նրբություններ ունի։

Իհարկե, նաև փաստաբանական գործունեությունս էի շարունակում այդ ընթացքում, փաստաբանի արտոնագիրը ստանալուց հետո ավելի քան 13 տարի աշխատել եմ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային դատական հարթակներում, արդյունքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ունեմ նաև հաղթած գործեր, որոնցից մեկն ընդդեմ Ադրբեջանի է։

2022-ին մեկնեցի Սթենֆորդի համալսարան՝ գիտելիքներս համալրելու։ Միջազգային մակարդակում փորձի փոխանակումն ու անընդհատ սովորելն իմ՝ որպես մասնագետի կայացման գործում մեծ նշանակություն ունի։ Նաև Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահն եմ եղել, որտեղ աշխատանքի բնույթը կրկին իրավական և կառավարման հաստիքների միաձուլումն էր։

2023-ի մայիսին, երբ հիմնադրվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, նշանակվեցի կառույցի տնօրեն։ Նման կենտրոն ունենալը Հայաստանի իրավական համակարգի և ինձ համար անձնապես շատ կարևոր ձեռքբերում է։

-Խոսենք Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի՝ AMCA-ի հիմնելու մասին։

-Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծումը նախատեսված էր Հայաստանի դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ։ 2021 թվականին ստեղծվել է խորհրդատվական կոմիտեն, որի կազմում ներգրավված տեղական և միջազգային հայտնի ու ականավոր փորձագետները պետք է ապահովեին կենտրոնի հիմնադրման ընթացքում մասնագիտական մոտեցումների համակողմանի կիրառումը։ 2023 թվականի մայիսին «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի ստեղծման մասին առաջին որոշումը ստորագրվել է կենտրոնի հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ Կենտրոնի ստեղծման գործում իր նշանակալի ներդրումն ունի ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը։

Մեր կենտրոնի արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։

(2).jpg (7.29 MB)

-Տիկին Մատինյան, արբիտրաժն ու մեդիացիան՝ հաշտարարությունը, նոր հասկացություններ են մեր հասարակության համար։ Առավել մանրամասն կներկայացնե՞ք, թե ինչ են արբիտրաժը և հաշտարարությունը։

-Եթե պարզ և հակիրճ նկարագրենք, դրանք վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ են։ Արբիտրաժն արդյունավետ գործիք է, որն օգտագործվում է անհատների և կազմակերպությունների կողմից ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար: Արբիտրաժն առաջարկում է ավելի արագ և ճկուն մոտեցում, երբ որոշումները կայացվում են անկողմնակալ և մասնագիտացված արբիտրների կողմից։ Հաշտարարությունը վեճերի լուծման ժամանակակից գործընթաց է, որտեղ չեզոք երրորդ կողմը՝ հաշտարարը, քննարկման և բանակցությունների միջոցով օգնում է վերջիններիս հասնել համակողմանիորեն ընդունելի համաձայնության։ Այն լայնորեն կիրառվում է ընտանեկան, աշխատանքային և քաղաքացիաիրավական տարաձայնությունների հարթման ընթացքում։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման առաջատար հարթակի համբավը, նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր։ Վերջինս շատ կարևոր է, ուստի առանձնահատուկ կանդրադառնամ դրան։ Երբ արտերկրից որևէ անհատ կամ կառույց ցանկանում է հասկանալ, թե Հայաստանը որքանով է բարենպաստ միջավայր ներդրումների համար, առաջիններից մեկը, ինչին ուշադրություն է դարձնում, վեճերի լուծման այլընտրանքային ինստիտուտի առկայությունն է։ Դրա շնորհիվ բարձրանում է երկրի, այսպես ասած, ներդրումային վարկանիշը՝ investment rate-ը:

Մենք ունենք միջազգային արբիտրներ՝ ըստ երկրների, ըստ լեզուների, ըստ մասնագիտացման։ Օրինակ, Ֆրանսիայում կամ Իտալիայում ապրող մարդիկ, ովքեր ունեն վեճ, կարող են գալ AMCA, անգամ առանց ֆիզիկապես ներկա գտնվելու, ընտրել իրենց վեճին համապատասխան արբիտր, օրենսդրություն և լուծել վեճը։ Արբիտրաժի կիրառման հեռավար լուծումը բավականին մեծ տարածում ունի այլ երկրներում, և մենք էլ արդեն իսկ առաջին քայլերն արել ենք, պատրաստվում ենք ձեռք բերել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ՝ հարթակը ստեղծելու և այդ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար։

-Ինչո՞ւ պետք է այլ երկրներից դիմեն Հայաստանի արբիտրաժին՝ AMCA-ին, իրենց վեճը լուծելու համար։

-Մենք ունենք ոլորտային մասնագիտացած արբիտրներ, ովքեր, լինելով գիտակ և խորապես տեղեկացված հենց հաճախորդի ոլորտից, պրոֆեսիոնալ և արդյունավետ կերպով իրականացնում են արբիտրաժն ու հաշտարարությունը։ Օրինակ, արբիտրաժ կարող է իրականացվել առևտրային, կառուցապատման, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ներդրումային, տեղեկատվական տեխնոլոգիաների, մտավոր սեփականության, ֆինանսաբանկային, կորպորատիվ, սպորտային, աշխատանքային  և այլ ոլորտներում ծագած վեճերի դեպքում։ Էական է նաև գնային քաղաքականությունը. հաշվի առնելով մեր բարձր մասնագիտացմամբ արբիտրների առկայությունը և  ծառայությունների արժեքները՝ ի համեմատ այլ երկրների, ծառայությունները մեզ մոտ ավելի հասանելի են։ Մենք ճկուն ենք և կարող ենք կիրառել նաև հեռավար սկզբունքը, կողմերը պարտավորված չեն լինի ֆիզիկապես ներկա լինել։

Արբիտրաժը միանգամայն կոնֆիդենցիալ է, սակայն պետք է լինի տեսանելի ու թափանցիկ իր գործընթացներում։ Արբիտրները մեզ մոտ ընտրվում են իրենց բացարձակ պրոֆեսիոնալ և կոմպետենտ լինելու սկզբունքներով։ Վստահելի, արագ, հուսալի և պրոֆեսիոնալ լինելը մեր գործունեության առանցքային չափանիշներն են։ Մեր նպատակն է, որ անգամ պարտվող կողմը երջանիկ դուրս գա՝ վստահ լինելով, որ ամեն ինչ արդար է եղել։

Հաշտարարությունը փոքր-ինչ տարբերվում է իր էությամբ, և երկու կողմն էլ պետք է win-win կարգավիճակով դուրս գան։ Հաշտարարությունը նաև վեճի կանխարգելման փուլն է։ Հաճախ է լինում, որ արբիտրաժն իրականացնելու ընթացքում կողմերը հասկանում են, որ ուզում են հաշտվել։ Վեճերի լուծման մեր փորձը ցույց է տալիս, որ վեճեր առաջանում են երբեմն, որովհետև կողմերը, պարզապես, միմյանց հետ չեն խոսում իրենց խնդրի մասին։

(1).jpg (11.75 MB)

-Կնկարագրե՞ք, թե գործողությունների ինչ հաջորդականություն է ենթադրում արբիտրաժը։

-Որպեսզի կողմերը կարողանան դիմել արբիտրաժի, պետք է իրենց միջև կնքվի արբիտրաժային համաձայնություն, որը կարող է ներառված լինել բուն պայմանագրում կամ առանձին փաստաթուղթ կազմելու միջոցով՝ գրավոր կարգով։ 

Մեզ մոտ գործը ներկայացնելուց հետո, վեճը Կենտրոնում լուծելու համար պետք է դիմողը ներկայացնի արբիտրաժ իրականացնելու պահանջ: Այդ փաստաթուղթը Կենտրոնում ստանալու պահից արբիտրաժային վարույթը համարվում է սկսված: 

Արբիտրաժ իրականացնելու պահանջում անհրաժեշտ է ներառել վեճի կողմերի տվյալները, ներկայացնել վեճի բնույթը և փաստերը, հայցապահանջը, ինչպես նաև Կենտրոնի արբիտրաժային կանոններով նախատեսված այլ տեղեկություններ: Կենտրոնն արբիտրաժ իրականացնելու պահանջն ուղարկում է պատասխանողին` տրամադրելով մինչև 30-օրյա ժամկետ պատասխան ներկայացնելու համար: 

Կողմերը, արբիտրաժային գործի վարումը վստահելով Կենտրոնին, կարող են ընտրել գործի քննության ընթացակարգը՝ ընդհանուր կարգով կամ արագացված ընթացակարգերով գործը քննելու համար։ Ընդհանուր կարգով  են քննվում այն գործերը, որոնցով հայցագինը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը կամ վեճն ունի միջազգային բնույթ։ Արագացված կարգով են քննվում տեղական այն գործերը, որոնցով հայցագինը չի գերազանցում 10 մլն ՀՀ դրամը։ 

Կողմը կարող է արտակարգ միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Կենտրոնին, եթե հրատապ հանգամանքներով պայմանավորված, նախքան արբիտրաժային տրիբունալի ձևավորումը առաջացել է հայցի ապահովման միջոց կամ ապացույցի ապահովում կիրառելու անհրաժեշտություն։   Կենտրոնին դիմելիս կողմերը կարող են ընտրել, թե քանի արբիտրի կազմով լսվի գործը՝ նախապատվության տալով մեկ, կամ, օրինակ, եռակազմ արբիտրաժային տրիբունալին։ Եռակազմ արբիտրաժային տրիբունալի պարագայում յուրաքանչյուր կողմ ընտրում է մեկական արբիտր, իսկ վերջիններս նշանակում են նախագահող արբիտր։  

Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են համաձայնության գալ արբիտրաժի վայրի և արբիտրաժի ընթացքում կիրառվող լեզվի շուրջ: Դրան հաջորդում է արբիտրաժային տրիբունալի ձևավորման փուլը, երբ Կենտրոնի արբիտրաժային խորհուրդը հաստատում է կողմերի առաջադրված արբիտրներին կամ չառաջադրելու դեպքում նշանակում նրանց: 

Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից անմիջապես հետո Կենտրոնը գործի նյութերը հանձնում է նրանց և ապահովում տրիբունալի և կողմերի միջև արդյունավետ ու արագ հաղորդակցությունը: 

Տրիբունալը կազմում և կողմերի հետ հաստատում է գործի քննության արձանագրությունը, ինչպես նաև նրանց հետ քննարկում գործի վարման կարգը` հաստատելով ընթացակարգային ժամանակացույց: Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման և ապացույցների հետազոտման համար տրիբունալը կարող է անցկացնել լսումներ, ներգրավել փորձագետների, հարցաքննել վկաների և իրականացնել այլ անհրաժեշտ գործողություններ: 

Նշված գործողությունների իրականացումից հետո տրիբունալն ավարտում է արբիտրաժային վարույթը և կայացնում վճիռ: 

-Ի՞նչ նշանակություն ունի AMCA-ի հիմնադրումը Հայաստանի համար։

-Մեր նպատակներից մեկն իրավական մշակույթի փոփոխությանը նպաստելն ու հասարակության շրջանում վստահության ձևավորումն է, որպեսզի հայ գործարարներն արբիտրաժն ու հաշտարարությունն իրենց գործունեության անբաժանելի մաս դարձնեն։ Մյուս կողմից մենք պետք է նպաստենք արբիտրաժային կենտրոնների նկատմամբ վստահության և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Վստահաբար, Հայաստանն առաջատար այլ երկրների կողքին կարող է լինել մրցունակ՝ որպես անկախ, անկողմնակալ և արդար արբիտրաժ իրականացնող երկիր։ Հայաստանն արբիտրաժի համար ցանկալի կենտրոն դարձնելու համար ունենք բոլոր նախապայմանները՝ բարձրակարգ ու պրոֆեսիոնալ մասնագետներ և հասանելիություն՝ բոլոր իմաստներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am