Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բանակը մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ամենավստահելի երաշխավորը. ՀՀ նախագահի ուղերձը

Բանակը մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ամենավստահելի երաշխավորը. ՀՀ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն ուղերձում նշել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ,

1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը:

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ճաշակել կորուստների դառնություն: Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:

Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը՝ խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը:

Սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am