Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Իրավիճակը Մերձավոր Արևելքում հետզհետե դուրս է գալիս կառավարելիության շրջանակից․ վերլուծաբանը՝ վերջին զարգացումների մասին

Իրավիճակը Մերձավոր Արևելքում հետզհետե դուրս է գալիս կառավարելիության 
շրջանակից․ վերլուծաբանը՝ վերջին զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի են ունենում բովանդակային փոփոխություններ ինչպես անվտանգային, այնպես էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից, հետևաբար այն էսկալացիան, որը կա ամբողջ տարածաշրջանում, անընդհատ լարվածության նոր ալիքներ է արձանագրում, ինչը մեծ հաշվով կանխատեսելի էր, որովհետև մերձավորարևելյան հակամարտությունը միտված է փոխելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ 

«Հիմա տեսնում ենք, թե ինչպես են տարբեր դերակատարներ փորձում, օգտվելով իրավիճակից, ամրապնդել իրենց դիրքերը կամ կառավարելի պահել ընդհանուր գործընթացները։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ պրոցեսների ամենաառանցքային գործոնն ընդհանուր լարվածությունը կառավարելիության շրջանակներում հետայսու ևս պահպանելու ձգտումն է ներգրավված դերակատարների կողմից։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, Իրանին, Սաուդյան Արաբիային և որոշակիորեն Թուրքիային ու Քաթարին։ Տարածաշրջանում կա իրադարձությունների զարգացման անկանխատեսելիության բավականաչափ մեծ հնարավորություն, ինչը պայմանավորված է առաջին հերթին Մերձավոր Արևելքի բնույթով, այսինքն՝ այստեղ ոչ լիարժեք կառավարելի, ոչ ֆորմալ խաղացողների առկայությամբ»,- ասաց Պետրոսյանը։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն կազմակերպություններին, ռազմաքաղաքական խմբավորումներին, որոնք ունեն որոշակի ներուժ, ազդում են լոկալ գործընթացների վրա, ձգտում են ավելի մեծացնել իրենց ազդեցությունը, սակայն միևնույն ժամանակ որոշ գերտերությունների նման չեն կրում էական դերակատարի ազդեցություն։ Այդպիսիք են, օրինակ, ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում, «Անսար Ալլահ»-ը Եմենում, «Հըզբոլլահը» Լիբանանում և այլն։

«Այս պայմաններում իրավիճակը լիարժեքորեն չի կարող լինել կառավարելի, որքան էլ ֆորմալ դերակատարները փորձեն այն պահել կառավարելիության միջավայրում։ Դա է պատճառը, որ տեսնում ենք էսկալացիայի աճի նոր դրսևորումներ, որոնց հիմնական մասնակիցները վերը նշված կառույցներն են։ Օրինակ՝ «Անսար Ալլահ»-ի մարտիկները շարունակում են Կարմիր և Ադենի ծովերում ռմբահարել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմանավերը, Սիրիայի և Իրաքի տարածքում առանձին խմբավորումներ վերջին օրերին թիրախավորում են Միացյալ Նախահանգների ռազմակայաններն ու հենակետերը։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկելիության հունից և ֆորմալ դերակատարները փորձում են կրկին այն բերել կառավարելիության հուն»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն, որպես աշխարհաքաղաքական լրջագույն դերակատար Մերձավոր Արևելքում, չէր կարող որևէ կերպ անպատասխան թողնել վերջին թիրախավորումները և հատկապես այն հարձակումը, որը տեղի ունեցավ Հորդանանի հյուսիսում, Սիրիայի հետ սահմանի հարևանությամբ և պատճառ դարձավ զոհերի։ Միևնույն ժամանակ նույն Վաշինգտոնը չէր կարող այնպիսի պատասխան տալ, որն ավելի կմեծացներ անկառավարելիությունը տարածաշրջանում։ Այսինքն՝ խոսքը Իրանին ուղիղ թիրախավորելու մասին է։

Անդրադառնալով Իրաքի իշխանությունների կոչին, որի համաձայն՝ վերջիններս պահանջում են դուրս բերել միջազգային կոալիցիոն զինված ուժերն Իրաքի տարածքից, վերլուծաբանն ընդգծեց, որ այս պահին դա, թերևս, դժվար իրականանալի գործընթաց է, որովհետև Մերձավոր Արևելքում տեղի են ունենում խորքային զարգացումներ, և Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Արևմուտք, Իսրայել-Իրան դիմակայությունները շարունակվում են։ Պարզապես Իրաքի դիրքորոշումն ընկալելի է զուտ այն առումով, որ այդ պետության և Սիրիայի տարածքը վերածվել է տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի, ինչն ուղղակիորեն ազդում է այդ պետությունների ինքնիշխանության վրա։

«Կոալիցիոն ուժերի դուրսբերումն, իհարկե, կթուլացնի լարվածությունը Իրաքի տարածքում և ոչ ֆորմալ ռազմաքաղաքական խմբավորումները ամերիկացիներին կթիրախավորեն Իրաքից դուրս այլ ուղղություններով, բայցևայնպես, այս պահին նման բան տեղի չի ունենա, որովհետև Միացյալ Նահանգների ներկայության ընդլայնման և ազդեցության մեծացման միտումն ավելի իրատեսական է, եթե, իհարկե, ԱՄՆ-ում տեղի չունենա իշխանափոխություն  և նոր վարչակազմը չհայտարարի իր զորամիավորումները դուրս բերելու մասին, ինչպես եղավ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում»,- ասաց Պետրոսյանը։   

Նրա կարծիքով՝ Սիրիայի պարագայում իրավիճակն այլ է, որովհետև, ի տարբերություն Իրաքի, որի ղեկավարությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, պաշտոնական Դամասկոսի հարաբերությունները Արևմուտքի, Թուրքիայի և մի շարք արաբական երկրների հետ գրեթե զրոյական մակարդակի վրա են, և այստեղ երկխոսության հնարավորությունները քիչ են, ուստի Սիրիայի կառավարությունը չի կարող  հանդես գալ միջազգային զինված ուժերն իր տարածքից դուրս բերելու համանման կոչով։ Մեծ հաշվով՝ սիրիական հակամարտությունն ամբողջովին չի հանգուցալուծվել, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ցանկացած պարագայում կարող են կրկին ակտիվանալ՝ տարածաշրջանը վերստին մղելով նոր էսկալացիաների հորձանուտ։

«Բացի դրանից, Սիրիայի տարածքի նշանակությունը հատկապես Իրանի համար շատ ավելի մեծ է աշխարհաքաղաքական և անվտանգային տեսանկյունից՝ հաշվի առնելով Իսրայելի հարևանությունը։ Գերտերությունների մրցակցությունն ու գործընթացների բովանդակային տարբերությունը թույլ չեն տալիս Սիրիայում առկա իրավիճակը վերլուծել նույն պրիզմայով, ինչպես Իրաքում»,- եզրափակեց վերլուծաբանը։   

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am