Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Եթե սիրահարվածությունը խամրեց, քո նկարչությունն էլ է խամրում. Փարավոն Միրզոյանի անցյալն ու ներկան

Եթե սիրահարվածությունը խամրեց, քո նկարչությունն էլ է խամրում. Փարավոն 
Միրզոյանի անցյալն ու ներկան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենտրոնական փողոցներով շրջելիս հաճախ է հնարավոր տեսնել լայնեզր գլխարկով նկարչին՝ Փարավոն Միրզոյանին, որը սիրով է պատասխանում անգամ անծանոթների բարևներին, լայն ժպտում և շարունակում ճանապարհը:

Նա սիրում է կյանքը, հայրենիքը, հայրենի բնությունն ու կանանց: Կարծում է՝ նկարիչը պետք է միշտ սիրահարված լինի, որպեսզի կարողանա ստեղծագործել, արարել: Հավանաբար հենց այդ յուրահատուկ աշխարհընկալման շնորհիվ է Փարավոն Միրզոյանին հաջողվում ստեղծել կտավներ, որոնք ինքնատիպ են, հետաքրքիր են, միրզոյանական են:

«Արմենպրես»-ը հյուրընկալվել է Հայաստանի ժողովրդական նկարչի արվեստանոցում՝ նորովի բացահայտելով Միրզոյան ստեղծագործողին, մարդուն, վառ անհատականությանը:

-Պարոն Միրզոյան, Հայաստանի ժողովրդական նկարիչ եք, ՀՀ վաստակավոր արտիստ, դասավանդում եք, ունեք բազմաթիվ ուսանողներ, գնահատված եք, սիրված: Ե՞րբ առաջին անգամ հանդիպեցիք մշակույթ երևույթին, մասնավորապես այն հրաշքին, որն ինքներդ եք ստեղծում:

-Շատ բազմաբովանդակ հարց է. մտածում եմ՝ որտեղից սկսել: Նկարիչ ծնվում են: Ասում են՝ երեխա ժամանակից նկարեցի և այլն: Ես նման բան չեմ հիշում: Հիշում եմ, որ միշտ նկարիչ եմ եղել, սիրել եմ արվեստը, մշակույթը և շնորհակալ եմ իմ ծնողներին, որ այդ դժվարին ժամանակներում կարողացան ինձ ուղարկել Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) կրթություն ստանալու: Հայրս ասում էր. «Տղա ջան, դու միայն սովորիր, միայն հրաշալի նկարիչ դարձիր: Ես ամեն ինչ կանեմ դրա համար»: Դա է ծնողի հոգատարությունը, երբ նա երեխային տալիս է ամեն ինչ: Ինձ առանց մշակույթի, առանց արվեստի չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն իսկապես սիրում է մշակույթը, արվեստը, բայց ոչ այս ժամանակաշրջանում: Այն մեզ թուլացրել է, քանի որ պետությունը լիարժեք չի զբաղվում իր մշակութային գործիչներին ներկայացնելով: Այսօր բացվում են տասնյակ ցուցահանդեսներ, ունենք տաղանդավոր նկարիչներ, ուսանողներ, և ես նրանց կյանքի մասին եմ մտածում: Երբ խոսում եմ, շատերին թվում է, թե իմ անձի մասին եմ անհանգստանում, այնինչ ես, իմ արվեստը, իմ հոգին արդեն այս մշակույթի մեջ են, այլ բան լինել չի կարող, իսկ երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, օգնել:

Տասնյակ նկարիչներ փորձում են մի անկյուն գտնել և ստեղծագործել: Մի քանի օր առաջ իմ յոթ ուսանողները եկել էին ինձ տեսնելու, ինձ հետ շփվելու: Գիտե՞ք, թե ինչ մեծ հաճույք է դա ինձ համար, ինչ մեծ պատիվ է:

-Ձեզ հետ զրուցելու պատվին էլ մենք ենք այսօր արժանացել:

-Այդ երիտասարդները քաղաքով մեկ ընկած փորձում են տարածք գտնել, արվեստանոց վարձել ստեղծագործելու համար, ինչն արդեն լավ չէ: Եթե մենք ունենք մշակույթ, որով ճանաչված ենք, պետք է բարի լինել այն պահպանել, սիրել, գովազդել, ներկայացնել աշխարհին:

-Շատ նկարիչներ, ստեղծագործողներ միջազգային հարթակներում արվեստի, գեղեցիկի հետ հաղորդակցվելուց հետո  դժվարությամբ են վերադառնում հայրենիք, կամ առհասարակ չեն վերադառնում: Դուք վերադարձաք: Ինչո՞ւ նման որոշում կայացրիք:

-Բոլոր հնարավորություններն ունեի Լենինգրադում մնալու, այնտեղ դասավանդելու, սակայն ես հայրենիքս եմ սիրում: Առանց հայրենիքի չկա մեծ արվեստ: Ամեն բան պետք է անել հայրենիքի համար, ուստի իմ կնոջ, որը ռուս է, և նորածին որդուս՝ Մարկի հետ, եկանք հայրենիք: Միայն հայրենիքը կարող է քեզ սիրել, պահպանել: Հայաստանի ազգային պատկերասրահը միակն է, որտեղ հայ կերպարվեստը բարձր մակարդակով է պահպանվում: Արտերկրի բոլոր նկարիչները պետք է երջանիկ լինեն, որ մեր պատկերասրահում իրենց ստեղծագործությունները կան: Արշիլ Գորկին, Այվազովսկին և մի քանի այլ հայ նկարիչներ են ցուցադրվում այլ թանգարաններում: Եվրոպական մշակույթը, արվեստը եկել են Ռուսաստան՝ Մոսկվա, Լենինգրադ, նոր՝ Հայաստան: Այն նկարիչները, որոնք սովորել են Լենինգրադում, այլ քաղաքներում և եկել են Հայաստան, այսօր պատիվ են բերում մեր մշակույթին:

Հիշում եմ՝ նկարիչների համամիութենական ցուցահանդեսին արվեստաբան, արվեստի քննադատ Մեյլանդը, նայելով մեր կտավները, նշում էր, որ այս նկարիչն ունի Մինասի ձեռագիրը, մյուս նկարիչը՝ Փարաջանովի և այլն:  Տեսնելով իմ աշխատանքը՝ զարմացել էր, որ այն հայ հեղինակի գործ է, քանի որ կտավում հայկականություն չէր գտել: Դա ինձ այնքան վիրավորեց, որ ես այդ տարիներին ամեն ինչ անում էի, որ դուրս  գամ, հնարավորինս հեռանամ ռուսական դպրոցից, ավանդույթներից, որ ինձ հայ նկարիչ ասեն, ինչն ինձ հաջողվեց:

-Երկար տարիներ եղել եք Հայաստանի ազգային պատկերասրահի՝ այդ կարևոր կառույցի ղեկավարը…

-Ինձ հաջողվել է տարիների ընթացքում պատկերասրահը բարձրացնել միջազգային բարձր մակարդակի: Տարբեր երկրների հետ կազմակերպել ենք ցուցահանդեսներ: Պատկերասրահը ճանաչվել է որպես լավագույն թանգարաններից մեկը, և այդպես  էլ կա: Նախորդ տարվա մարտ ամսին պատկերասրահում անհատական ցուցահանդես ունեցա, որը բարձր մակարդակով էր կազմակերպված, սակայն պետությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ կառույցին:

-Խոսեցինք հայրենիքի նկատմամբ սիրուց: Դուք ստեղծագործում եք տարբեր ժանրերում, թեմաները ևս տաբեր են: Հաճա՞խ է հայրենիքի հանդեպ սերն արտահայտվում Ձեր կտավներում:

-Հինգ մեծածավալ պաննո եմ նկարել. «Հայաստան» պաննոն, որը ցուցադրվում է Հայաստանի ազգային գրադարանում, «Արցախ» պաննոն, որը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում է, «Ծովից ծով Հայաստան» նկարը, որը դատախազության կոլեգիայի դահլիճում է, «Սյունիք» պաննոն: Բոլորը նվիրված են իմ հայրենիքին, բնությանը, աշխարհին: Խոսքը միայն բնանկարի մասին չէ. ինչ էլ նկարում եմ, իմ հայրենիքն է, իմ ծննդավայրն է: Եթե նկարում ես մեր ժամանակակիցների դիմանկարները, դա ևս հայրենիք է, եթե նատյուրմորտ ես նկարում, դա էլ է քո հայրենիքը, եթե նուռ, դեղձ, ծիրան ես նկարում, մեր հայրենիքն է: Նկարիչը սնվում է իր հայրենիքից:

-Ձեր ստեղծագործությունների գլխավոր հերոսներից մեկը կինն է: Մի առիթով նշել եք, որ ստեղծագործելու համար մարդ պետք է միշտ սիրահարված լինի…

-Միանշանակ: Միակ ուժը սերն է: Նկարիչը պետք է սիրահարված լինի: Սիրահարվում ես բնությանը,  կանանց. չէ՞ որ առաջինը մայրությունն է, առաջինը մայրդ է, քույրդ է, քո սիրելի կինն է: Պետք է սիրահարվել, եթե այդ զգացմունքը խամրեց, քո նկարչությունն էլ է խամրում: Կարծում եմ՝ այն նկարիչները, որոնք քսան տարեկանում, երեսուն տարեկանում և մինչև իրենց կյանքի վերջը նույն մաներայով ու ոգով են նկարում, հագեցած են, պրծած: Ախր տարբեր տարիքներում տարբեր կերպ ես սիրում, և քո արյան շրջանառությունն այլ կերպ է լինում, չես կարող նույն կնոջը միատեսակ նայել: Հիսուն տարեկանում դու ուրիշ մարդ ես: Պետք է միշտ սիրով ապրել:

-Իսկ արվեստում կա՞ն սկզբունքներ, որոնց երբեք չեք դավաճանի:

-Ես ամեն ինչ էլ նկարում եմ: Ինձ համար այս բաժակն էլ է արվեստ, այս հեռախոսը՝ ևս: Հիմա մենք զրուցում ենք, և ես Ձեզ մտքում նկարում եմ: Նաև քանդակում եմ, գրաֆիկական աշխատանքներ եմ ստեղծում: Երբ արթնանում է արարելու ցանկությունը, ես արարում եմ:

1.jpg.jfif (950 KB)

-Ասում են՝ աչքերը մարդու հոգու հայելին են: Դուք ունեք մի շարք դիմանկարներ, որոնք չունեն աչքեր:

-Նկարիչը հասունանում է ու տարիքի ընթացքում մի նոր բան է գտնում: Մարդու հոգին պետք է նկարել, նրա պլաստիկան: Աչքը, քիթը, բերանը երբեմն երկրորդական են: Այն կտավներում, որոնցում չեմ նշել գեղեցիկ աչքերը, քիթը կամ շրթունքները, հասել եմ մի ամբողջականության, մինիմալիզմի, որով կարողացել եմ ավելին ասել, քան եթե լինեին դիմագծերը: Աշխարհի վարպետներն այնքան են նկարել, այնքան լավ են նկարել դեմքերը, արտահայտությունները: Ես էլ մտածում էի՝ մի այլ բան գտնել: Պատահական չէր, որ իմ կտավներից մեկը հայտնվեց հեղինակավոր գրքում, որի համացանցային տարբերակն եմ տեսել: Ընդգրկված էին 7-րդ դարից մինչև 21-րդ դարի նկարիչների կտավները, որոնցում խորհրդավոր ընթրիքն էր: Հանկարծ նման գրքում նաև հայ նկարչի գործ է զետեղվում: Դա մեծ քայլ է: Մտածում էի, թե ինչու են իմ նկարն ընտրել: Դա եղել է միակ նկարը, որտեղ Քրիստոսի դեմքն անորոշ է: Ըստ իս՝ հարկավոր չէ Քրիստոսին նկարել լեհի  արտաքինով, կամ իտալացու, հայի: Երբ նկարում ես նրա աչքերը, քիթը, բերանը, արդեն դառնում է որևէ երկրի կրող, իսկ իմ կտավում դեմքը լույսի մեջ էր: Քրիստոսն աշխարհինն է: Հավանաբար այդ պատճառով են մեծ վարպետների ստեղծագործությունների կողքին ընտրել նաև իմ աշխատանքը:

-Ձեր ընկերներից մեկը՝ Դանիել Երաժիշտը, խոսելով Ձեր արվեստի մասին, ասել է. «Փարավոն Միրզոյանի արվեստն ընդգրկում է երկնայինն ու երկրայինը: Երկրայինը կրքերի աշխարհն է, իսկ երկնայինը՝ ապոլոնյանը»: Երբևէ փորձե՞լ եք ինքներդ բնութագրել այն:

-Ես միշտ դժգոհ եմ: Չեմ ցանկանում ինձ լավ խոսքերով բնութագրել: Իմ գործն արարելն է: Ինչքան Աստված կյանք կտա, ես այդ ընթացքում կանեմ այն, ինչն իմ ժողովրդին, հայրենիքին պատիվ կբերի:

-Իսկ ի՞նչ կարևոր խորհուրդներ են ժամանակին Ձեզ տվել Ձեր վարպետները:  Դուք ի՞նչ եք փորձում փոխանցել Ձեր ուսանողներին:

-Ակադեմիան մեծ կրթական համալիր է: Երբ 14 տարեկան էի, առաջին անգամ այցելեցի Լենինգրադ ու տեսա ակադեմիան, սֆինքսները, զգացի տեղի մթնոլորտը, մտածեցի, որ այդտեղ պետք է սովորեմ: Հինգ տարի անց արդեն Լենինգրադում էի: Երբ սովորում էի այնտեղ, ինձ հետ սովորում էին տարբեր ազգերի երիտասարդներ: Կրթական համակարգը միայն նկարելը չէ. կան հրաշալի թանգարաններ, թատրոններ, դերասաններ, երաժիշտներ: Այդ ամենը դաստիարակում է նկարչին, նրան հնարավորություն տալիս պրոֆեսիոնալ և ինտելիգենտ մարդ դառնալ: Երբ եկա Երևան, մտածում էի, որ կարող եմ ամեն ինչ անել ու ցուցանիշը բարձրացնել: Մինչ օրս փորձում եմ անել դա: Արդեն ասացի, որ տաղանդավոր երիտասարդություն ունենք, շատ լավ ուսանողներ կան: Նրանց մասին եմ մտածում ու այնքան ուրախ եմ, որ ինձ զանգահարում են, ասում, որ շատ բան են ինձնից սովորել: Աստծուց պետք է շնորհակալ լինել, որ կարողացել ես այդ կրթությունը տալ: Ամեն մի ուսանողի մեջ տեսնում եմ իրեն: Ցանկանում եմ երիտասարդներին փոխանցել իմ կյանքի փորձը: Մենք նրանցից ևս շատ բան ենք սովորում: Թող չմտածեն, եթե իրենք պրոֆեսոր են, սովորելու տեղ չունեն: Աշխատանքները դիտելիս տեսնում եմ, թե նրանք ինչպես են մտածում: Դու չպետք է հետ մնաս ժամանակից: Ինչպես Չարենցն է ասել. «Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակի շունչը դարձիր»: Պետք է միշտ առաջ նայես ու փորձես ամենաբարձր չափանիշներին հասնել:

-Վստահաբար դա Ձեզ հաջողվում է: Գիտեմ, որ շատ եք սիրում երաժշտություն: Ստեղծագործելիս ի՞նչ եք լսում:

-Երաժշտությունն ինձ համար ֆոն է, որ տրամադրություն է փոխում: Կստեմ, եթե ասեմ, որ Բեթհովեն եմ լսում, Արամ Խաչատրյան կամ Կոմիտաս: Շատ բարձր եմ գնահատում բոլոր մեծ երաժիշտներին, իսկ այս երիտասարդական երաժշտությունը դեռ չեմ կարողանում  հասկանալ, որովհետև շատ թույլ է:

-Իսկ ի՞նչն է Ձեզ այսօր ոգևորում, նոր ստեղծագործությունների առիթ դառնում:

-Կյանքը: Դու քայլում ես, պետք է ստեղծագործես, վատ բան ես տեսնում, պետք է ստեղծագործես, պետք է ամեն ինչում տեսնես քոնը, չպետք է խառնվես ամբոխին, որը շատ վատ բան է: Պետք է քայլես ինքնատիպ, հարգանքով վերաբերվես բոլորին, պետք է ապրես, սիրես ապրելը: Երբ առավոտյան արթնանում ես, պետք է փառք տաս Աստծուն, որ կաս, դեռ կարող ես ստեղծագործել:

Հաջորդ տարի 75-ամյակիս առթիվ Հայաստանի նկարիչների միությունում մեծ ցուցահանդես ենք բացելու: Ունեմ նաև արտերկրում ներկայանալու առաջարկներ: Լեհաստանից են դիմել: Մոտավորապես քառասուն, հիսուն կտավ եմ տանելու այնտեղ: Անհատական ցուցահանդես է սպասվում Օրենբուրգ քաղաքում, որտեղ  պաստել և գեղանկարներ եմ ցուցադրելու:

-Շնորհակալ եմ, պարոն Միրզոյան: Ձեր միայն ներկայությունը մեր քաղաքում զարդարում է մեր կյանքը, հարստացնում մեզ: Վստահ եմ, որ Ձեր ծրագրերը, նախաձեռնությունները կիրականանան, իսկ ստեղծագործությունների թեմաներն անսպառ կլինեն:

-Ես եմ շնորհակալ:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am