Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայ մշակույթն իր ամբողջ ներկապնակով. Ֆրանսիայի Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում կանցկացվի «Հայաստանի պատկերներ» փառատոնը

Հայ մշակույթն իր ամբողջ ներկապնակով. Ֆրանսիայի Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա 
պատմական տարածքում կանցկացվի «Հայաստանի պատկերներ» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական հարուստ մշակութային ժառանգությունն իր ամբողջ գեղեցկությամբ, ինքնատիպությամբ ու յուրահատկությամբ թե՛ արտերկրում ապրող հայերին, թե՛ օտարերկրացիներին ներկայացնելու նպատակով առաջին անգամ Ֆրանսիայի արևմուտքում՝ Լա Ռոշֆուկո-ըն-Անգումուա պատմական տարածքում, մարտի 15-17-ը կանցկացվի «Հայաստանի պատկերներ» փառատոնը: Այն նախաձեռնել են «Primavera Foundation of Armenia» հիմնադրամը և «Hardiese Production» կազմակերպությունը (Ֆրանսիա): 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Primavera Consulting» գործակալության (ԱՄՆ-Ֆրանսիա) արտիստ մենեջեր, «Primavera Foundation of Armenia» հիմնադրամի համահիմնադիր, պրոդյուսեր Ելենա Յակովլևան նշում է՝ եռօրյա փառատոնը հայկական մշակույթն ու պատմությունն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն է, որի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տաղանդավոր ու ստեղծարար հային: Փառատոնը հատուկ նշանակություն կարող է ունենալ սփյուռքահայության համար. այն հնարավորություն կտա նրանց վերամիավորվել իրենց ժողովրդի հիշողությունների և ավանդույթների շուրջ և ընտանիքի  անդամներին ծանոթացնել իրենց պատմական հայրենիքին: 

OLD02095.jpg (303 KB)

Նրա խոսքով՝ փառատոնի բազմազան ծրագրում ընդգրկված են անվանի երաժիշտների համերգներ, գրավիչ ճանապահորդություն դեպի հայկական խաղողագործության դարավոր ավանդույթները, հայկական պատմությունն ու մշակույթը: 

«Խաչատրյանը և նրա տիեզերքը» խորագրով մենահամերգին հանդես կգա համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար, Չայկովսկու դաշնակահարների միջազգային XV-րդ մրցույթի 1-ին մրցանակակիր Դմիտրի Մասլեևը, Նարեկացու և Կոմիտասի հոգևոր ու ժողովրդական ժառանգությունը կներկայացնեն Լիլիթ Պետրոսյանը (քանոն), Հարություն Չոլակյանը (դուդուկ) և «Լույս» վոկալ կվինտետը, Կոմիտասի, Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններով հանդես կգան  հայկական արմատներով երաժիշտներ Թոմաս Լեֆորտը (ջութակ) և Ռուբեն Կոզինը (դաշնամուր): Կկայանա համաշխարհային ճանաչում ունեցող հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Մենք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Մարտի 11-17-ը հանրության համար բաց կլինեն լուսանկարիչներ Սևակ Ասրյանի «Արցախյան պատկերներ» (Visages of Artsakh) և Սուրեն Մանվելյանի «Հայերի պատկերներ»  (Visages of Armenians) լուսանկարչական ցուցահանդեսները: Միջոցառումները կուղեկցվեն դասախոսություններով և քննարկումներով: 

Ըստ Յակովլևայի՝ գրավիչ իրադարձության շնորհիվ ինչպես ֆրանսիացիները, այնպես էլ հայերը հնարավորություն կստանան բացահայտել, լսել, տեսնել և զգալ Հայաստանը և ավելի խորը կապեր հաստատել դարավոր մշակույթ ու տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրի հետ: 

Ելենա Յակովլևան Հայաստանում բազմաթիվ միջոցառումների է մասնակցել, սակայն  հայկական երաժշտությունը ներկայացնելու առիթ չի ունեցել: «Շատ ենք  ցանկանում, որ փառատոնին մասնակցեն մարդիկ, որոնք անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ: Եթե փառատոնին տեսնեմ սփյուռքից ընտանիքների, դա մեծ հաջողություն կհամարեմ: Հաջողություն կհամարեմ նաև այն, որ փառատոնը դառնա սպասված հարթակ, ուր կայցելեն նաև մարդիկ, որոնք երբեք Հայաստանում չեն եղել»,-ասում է Յակովլևան և հավելում՝ նախատեսում են փառատոնի արդյունքում փոքր ֆիլմ թողարկել, որը կպատմի այն մասին, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: 

Յակովլևան հաճախ է պատասխանում այն հարցին, թե ինչով են իրեն հետաքրքրել Հայաստանն ու հայ մշակույթը: Նա առաջին անգամ Հայաստան է այցելել 2012 թվականին որպես զբոսաշրջիկ, շրջել Հայաստանի տեսարժան վայրերով. եղել է Ջերմուկում, այցելել Տաթևի վանք և այլուր: Գիդը, որն ուղեկցել է Յակովլևային և նրա ընկերներին, ամեն բան արել է, որ Ելենան սիրահարվի Հայաստանին: «Այդ ամենն այնքան հիանալի, պարզ ու անմիջական էր արվում, որ ես մտածեցի՝ նման վերաբերմունքը հյուրերի, սեփական երկրի հանդեպ այն բացառիկ արժեքն է, որն ինձ հարազատ է: Երբ հայը հյուր է ընդունում, մարդու, որը կարող է Հայաստանին օգուտ բերել, անում է ամեն ինչ, որ տվյալ մարդը սիրահարվի Հայաստանին: Հասկացա, որ նման մարդկանց հետ ինձ հարմարավետ եմ զգում»,-պատմում է Ելենա Յակովլևան: 

281008e7-a290-4bf9-9738-f1127edfa2e2.jpg (88 KB)

Նա այդ ժամանակ չի էլ մտածել հիմնադրամի մասին, սակայն 2017 թվականին բիզնեսի բնագավառից անցում է կատարել դասական երաժշտության ոլորտ և փորձել է  հասկանալ, թե ինչպես է կառուցված արտիստական մենեջմենթը, ինչպես է կառուցվում  երաժիշտների  կարիերան, ինչու կոնսերվատորիաների և այլն երաժշտական կառույցների  հսկայական թվով շրջանավարտներից շատ քչերն են հաջողության հասնում: 

«Պարզեցի, որ այդ բնագավառում հիմնադրամները կապված են կոնկրետ մարդու հետ: Կա հայտնի, պահանջված արտիստ և հենց նրա շուրջ էլ ձևավորվում է բարեգործական հիմնադրամը, որը նրա հետ առաջ է գնում: Ցանկանում էի, որ հիմնադրամը լինի պրոդյուսերական, որպեսզի մարդիկ ընտրեն ոչ թե մի հայտնի աստղի, այլ կարգավիճակ, որոշումներ կայացնեն՝ ելնելով  արդյունքներից»,-շեշտում է նա: 

2018 թվականին Յակովլևան սկսել է համագործակցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և փաստել, որ երկրում, որն իրեն դուր է գալիս, որտեղ մարդիկ օգնում, աջակցում են միմյանց առանց բացատրությունների, պետք է հիմնադրամ ստեղծել, պատմել պրոդյուսերական հմտությունների մասին, երաժիշտներին շատ տեղեկություններ փոխանցել:  Ըստ նրա՝ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ հնարավոր է տեսնել, շոշափել աշխատանքի արդյունքները: 

Համավարակի և այլ պատճառներով հիմնադրամը սկսել է գործել 2022 թվականի սեպտեմբերին: 2023 թվականին շատ չեն պատմել իրենց մասին, ցանկացել են շրջել Հայաստանի մարզերում, ծանոթանալ տեղի երաժիշտների, երաժշտասեր հանրության հետ: 

OLD02076.jpg (338 KB)

Մեկ տարվա գործունեության ընթացքում կազմակերպել են դաշնամուրի, ջութակի, կիթառի, կամերային անսամբլի անվճար վարպետության դասեր, համերգներ, դասախոսություններ ու կլոր սեղանի շուրջ քննարկումներ Տավուշի մարզում (Նոյեմբերյան, Իջևան, Կողբ), Սյունիքի մարզում (Մեղրի, Գորիս, Կապան, Ագարակ), ինչպես նաև Գյումրիում և Երևանում: Դասերին մասնակցել է շուրջ 3 հազար 100 մարդ: Վերը նշված միջոցառումներն իրականացվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ:

 Նրա խոսքով՝ համերգներին մասնակցել են նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկու ուսանող, որոնք դասական կիթառ են նվագում: Նրանց են ընտրել, քանի որ դասական կիթառը դյուրամարս է, իսկ միայն ջութակի կամ թավջութակի մեղեդիներն առանձին ունկնդրելը հանրության լայն շրջանակի համար բարդ է:

«Դաշնամուրների վիճակն է խնդրահարույց. կան դաշնամուրներ, դաշնակահարներ, սակայն չկան լավ մասնագետներ, որոնք կարող են պատշաճ հոգ տանել գործիքի մասին, նորոգել դրանք և այլն»,-շեշտում է Ելենա Յակովլևան և հավելում, որ բրիտանացի գիտնականները մի հետազոտություն են իրականացրել  ու պարզել՝ եթե փոքր քաղաքում, համայնքում բանտի կամ այլ  ուղղիչ հաստատության փոխարեն կառուցվում են ստեղծագործական կենտրոններ նախատեսված երեխաների համար, համերգասրահներ և այլ մշակութային հաստատություններ, տվյալ վայրում տասը տարվա ընթացքում հանցագործությունների ցուցիչը նվազում է: 

Յակովլևան կարծում է, որ ներդրումները մշակույթի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեն յուրաքանչյուր ազգի համար:

 Խոսելով դասական երաժշտության ոլորտում պրոդյուսերական աշխատանքի կարևորության մասին՝ նա նշում է, որ յուրաքանչյուր ակադեմիական երաժշտի կրթության գործընթացում մասնագիտական որակներն են առաջնային, իդեալական հնչողության հասնելը և այլն, ինչի համար ժամեր, տարիներ ու տասնամյակներ են հարկավոր:

«Երաժիշտը պարտավոր է շատ պարապել օրվա ընթացքում, սակայն, երբ հերթը հասնում է կարիերային, պարզվում է, որ բացի լավ հնչելու անհրաժեշտությունից քիչ կարևոր չեն նաև այլ հանգամանքները, որոնց բացակայությունը երբեմն չար կատակ է խաղում երաժշտի կարիերայի հետ: Դրա մասին ոչ ոք երիտասարդ երաժիշտներին չի ասում: Կրթական ծրագրերում դա չկա: Պրոդյուսերական կուրսերը թատերական կուրսերում շատ հասկանալի են. հասկանալի է ուր գնալ, ինչ սովորել և այլն, կինոյում ևս շատ հասկանալի է, իսկ դասական երաժշտության մեջ այնքան էլ պարզ չէ, պարզապես այն  մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են զբաղվում պրոդյուսերությամբ, շատ չեն և նրանք ժամանակ չունեն դասախոսելու, և մեր հիմնադրամը շատ հետաքրքրված է հենց պրոդյուսերական  ծրագիր սկսել»,-ասում է նա: 

Նախորդ տարի Ելենա Յակովլևան «Աշխատանք գործակալների հետ և կատարողի կարիերան» թեմայով վարպետության դաս է անցկացրել Երևանի կոնսերվատորիայում: Կարծել է՝ քիչ մարդ կմասնակցի դասախոսությանը, սակայն 35  ուսանող է մասնակցել, անգամ կանգնած մասնակիցներ են եղել: Կարճ ժամանակամիջոցում չի կարողացել շատ բան պատմել ուսանողներին, սակայն մասնակիցները շատ հետաքրքիր հարցեր են տվել, ինչն ուրախացրել է Յակովլևային:  Չի բացառում, որ նման դասախոսությունները շարունակական լինեն:

 Primavera Foundation of Armenia մշակութային, բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և բեղուն գործունեություն է ծավալում Հայաստանում 2022 թվականից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը: Հիմնադրամի համահիմնադիրներն են միջազգային երաժշտական մենեջմենթի բնագավառում մեծ փորձ ունեցող Անաստասիա Բուդանոկը և Ելենա Յակովլևան, իսկ գեղարվեստական խորհրդի ղեկավարն է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոն:

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am