Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում կնվիրվեն նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանին

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում կնվիրվեն նշանավոր դիվանագետ 
Քրիստիան Տեր-Ստեփանյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024» ամենամյա միջոցառումը, լինելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օրակարգի կարևորագույն ծրագրերից մեկը, նվիրվելու է հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանն ընդգծեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ հիշեցնելով, որ ֆրանսերենը հանրապետությունում տարածվածությամբ երրորդ լեզուն է ռուսերենից և անգլերենից հետո։ Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կընդլայնի շփման հորիզոնները ֆրանսերեն խոսողների հետ, որոնց թիվն աշխարհում 144 մլն է։ 

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ, շատ ազդեցիկ և շատ սիրված անդամ երկիր է: Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելը միայն քաղաքական և տնտեսական բաղադրիչ չունի, այլ նաև մեծ մշակութային բաղադրիչ է պարունակում»,-նշեց դեսպանը:  

GEV_5465.jpg (484 KB)

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է Հայաստանը։  

«Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենա ավելի քան 30 միջոցառում՝ կինոյի, թատրոնի, ժամանակակից արվեստի, երաժշտության ժանրերում։ Կարևոր է, որ միջոցառումները տեղի են ունենալու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում, Գավառում և Վանաձորում։ Ֆանկոֆոնիան միայն մայրաքաղաքի համար չէ, Ֆրանկոֆոնիան միայն էլիտայի համար չէ, այն Հայաստանում ուղղված է բոլորին՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,-ասաց Դըկոտինյին:  

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունը Ֆրանկոֆոնիայի արժեքներին՝ այդ թվում համերաշխությանը, հանդուրժողականությանը, մասնակցությանը և խաղաղ համակեցությանը:  

GEV_5543.jpg (571 KB)

«Այս տարի 325 կրթական ու մշակութային հաստատություն տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելով շուրջ 1000 միջոցառում: Գլխավոր միջոցառումն, իհարկե, մարտի 20-ի համերգն է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, որը մենք կազմակերպում ենք ԱԳ նախարարության և Հայաստանում Ֆրանկոֆոն դեսպանների համակարգող խմբի ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ: Միջոցառումը կնշանավորվի Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հնագույն երաժշտության տաղարան» համույթի համերգով»,-ներկայացրեց Արթուր Մարտիրոսյանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց՝ ՀՀ-ում ֆրանսերեն սովորող աշակերտների թիվն արդեն հասել է 62 հազարի: Այս պահին ՀՀ-ում գործող շուրջ 250 դպրոցում դասավանդվում է ֆրանսերեն, իսկ ուսուցիչների թիվը 364 է: 

«Սա ցույց է տալիս մեր հանրության շրջանում ֆրանսերենի հանդեպ մեծացող հետաքրքրությունը, որն իրականություն է դառնում նաև այն գործուն աջակցության շնորհիվ, որ մենք ստանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի կողմից: Անցյալ տարի ֆրանսերենի խորացված ուսուցում և առանձին ֆրանկոֆոն ծրագիր իրականացնող դպրոցների թվին ավելացավ ևս մեկը՝ Անդրանիկ Մարգարյանի թիվ 29 ավագ դպրոցը: Այս դպրոցները հանդես կգան որպես ռեսուրսային դպրոցներ՝ այլ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման համար»,-մանրամասնեց Արթուր Մարտիրոսյանն՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներին: 

GEV_5486.jpg (385 KB)

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորեց Ֆրանսիայի դեսպանատան հետ նոր նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստողների կայուն խումբ ունենալ, որը շարունակաբար կաշխատի ուսումնական նյութերի զարգացման ուղղությամբ: 

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մի հարթակ է, որը մի ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է իր անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունն՝ ի նպաստ ժողովուրդների: 

GEV_5441 (1).jpg (502 KB)

«Ֆրանկոֆոնիան նաև արժեքներ է. համերաշխությունը, բազմազանություն, փորձի փոխանակում, հանձնառություն: Հենց դրանք մեծ կարևորություն ունեն այն աշխարհում, որտեղ ապրում ենք, որը բավականին պառակտված է և լի է տարաձայնություններով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական նպատակն է անդամ երկրների միջև կիսելու բոլոր արժեքները, զարգացնելու քաղաքական, մշակութային և տնտեսական գործակցությունը: Յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ներդնում։ Հայաստանն այն երկրներից է, որի ավանդը հատկապես հատկանշական է՝ հաշվի առնելով նրա ոչ մեծ չափերը։ Հայաստանը բաց է բոլոր այլ մշակույթների համար։ Փոխադարձ հարստացումը թույլ է տալիս ստեղծել համամարդկային արժեքներ, ինչը ցուցադրում է Հայաստանը»,-ասաց դեսպանը:  

ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և համագործակցության զարգացման վարչության պետ Դավիթ Կնյազյանը տեղեկացրեց, որ Երևան կայցելի հայտնի ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը։ Մարտի 18-ին Ազգային գրադարանում տեղի կունենա նրա ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Սև ճանապարհին» ֆիլմի ցուցադրությունը։ Այնուհետև կկազմակերպվի քննարկում Թեսոնի մասնակցությամբ։ Միջոցառումների լրիվ ցանկը առաջիկա օրերին կհրապարակվի ՀՀ ԱԳՆ կայքում։

«Տարեցտարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ներկայացուցչական և բազմազան դառնալը ի ցույց է դնում Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև կապերի խորացումը և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումը»,-ընդգծեց Կնյազյանը:   

GEV_5503.jpg (519 KB)

2027-ին Հայաստանը կընդունի ֆրանկոֆոն խաղերը, որոնց կմասնակցի ավելի քան 4 հազար ներկայացուցիչ 50 երկրից։ 

Ֆրանսիայի դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ նշելով, որ առանց իրենց պատրաստակամության հնարավոր չէր լինի որևէ  բան կազմակերպել:

Մարտի 9-ից ապրիլի 27-ը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանության/Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը կներկայացնի երեք համերգային ծրագիր:

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտը, Ֆիլմադարան ՀԿ-ի հետ համատեղ Հայաստանի ազգային գրադարանում կազմակերպում են ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ, որը կմեկնարկի մարտի 12-ից: 

Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնը կազմակերպում է Ֆրանսիայի դեսպանությունը / Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների հետ գործընկերությամբ:

Այս կարևոր կինեմատոգրաֆիական հանդիպման ընթացքում Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվեն վերջին երկու տարիների արտադրության ինը ֆիլմ:

Միջոցառումների մասին հավելյալ տեղեկություններ ներկայացված են Ֆրանսիական ինստիտուտի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am