Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանը վերահաստատում է 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում ներդրում ունենալու պատրաստակամությունը

Հայաստանը վերահաստատում է 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման 
գործում ներդրում ունենալու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 13-ին Ժնևում մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածում՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում՝ ներկա և ապագա սերունդների համար ավելի ապահով, անվտանգ և լավ աշխարհ ունենալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովի բարձրաստիճան հատվածի շրջանակներում հանդես գալ ազգային ելույթով։

Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ձեռքբերումներին և առկա խնդիրներին:

Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը հստակ վկայում է, որ աշխարհը զգալիորեն հետ է ընկել 2030 թվականի օրակարգի իրականացումից՝ հետևում թողնելով աշխարհի կեսից ավելիին: Կայուն զարգացման նպատակների իրականացումը բախվում է աննախադեպ մարտահրավերների՝ սկսած կլիմայի փոփոխությունից և աղքատությունից, մինչև  հակամարտություններ  և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:

Կարևոր է վերանայել  ռազմավարությունները, խթանել գլոբալ գործընկերությունը ու գործողությունները՝ արագացնելու համար Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջընթացը: Հետևաբար, Հայաստանն աջակցում է Գլխավոր քարտուղարի «Մեր ընդհանուր օրակարգին» և նրա փոխակերպող գործողություններին, որոնք ուղղված են ապահովելու ՄԱԿ-ի համակարգի՝  խաղաղության, կայուն զարգացման և բոլոր ժողովուրդների համար մարդու իրավունքների պաշտպանության մանդատի իրագործումը:

Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին և դրանց ազգայնացմանը, խարսխված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր ստեղծելու մեր վճռականության վրա:

Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ ներառական և որակյալ կրթություն, հասանելի առողջապահական համակարգ և հուսալի սոցիալական պաշտպանության ծառայություններ ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարության հասնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Արդյունավետ կառավարման և թափանցիկության խթանումը, հաշվետու պետական ինստիտուտների կառուցումը և կոռուպցիայի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը  մեր Կառավարության առաջնահերթություններից են:

Այս բարեփոխումների շնորհիվ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը պահպանել է երկնիշ աճի տեմպերը՝ բարձրացնելով տասնյակ հազարավոր մարդկանց աղքատության շեմից և պահպանելով ֆինանսական կայունություն ու տնտեսական ամուր հեռանկարներ: Այս բարեփոխումների շնորհիվ մենք կարողացել ենք հասցեագրել անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 108.000 հայերի կարճաժամկետ կարիքները:

Հայաստանը հավատացած է, որ խաղաղությունն ու անվտանգությունը կայուն զարգացման կարևոր նախադրյալներ են: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ  գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը:

Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համակողմանիության, ներառականության, ոչ խտրական օգտագործման և տարածաշրջանում բոլորի համար բարգավաճում ապահովելու տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Այն նպատակ ունի կապել արևելքը արևմուտքին և հյուսիսը հարավին՝ պայմաններ ստեղծելով մեր տարածաշրջանի զգալի ներուժի իրացման  համար։

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում՝ ներկա և ապագա սերունդների համար ավելի ապահով, անվտանգ և լավ աշխարհ ունենալու համար»:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am