Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի 
պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը։ 

«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնությունը համապատասխան պետական հանձնաժողովների միջև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ և կողմերին խրախուսում է շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել երկկողմանի բոլոր առկա խնդիրները՝ հասնելու համար հարաբերությունների լիարժեք նորմալացման»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։ Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am