Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Տավուշում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

Տավուշում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ 
խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է. 
ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

«2024 թվականի ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիներ տևական ժամանակ փակել էին միջպետական ճանապարհը, ինչին հաջորդել էին առերևույթ հանցավոր արարքներ։ Դրանց կատարման մեջ մասնակցության կասկածանքով՝  7 անձ ձերբակալվել էր։

Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը ժամը 15:50-ի սահմաններում Այրում բնակավայրի բնակիչը պահանջել է ճանապարհը բացել ու իր վարված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը:

Այնուհետև, «Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամ Ա․Պ․-ն, իր համախոհների հետ, տվյալ հատվածով երթևեկել ցանկացող Այրումի բնակչի ու մյուսների մոտ վախ առաջացնելու նպատակով, համակեցության կանոնների ցուցադրաբար խախտմամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնել հիշյալ բնակչի և  նրա գործողությունները սատարող քաղաքացիների հասցեին։

Անտեսելով նաև ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները, նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա,  ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային, ինչի հետևանքով մեքենայի տարբեր հատվածներ վնասվել են, իսկ դիմապակին՝  կոտրվել։  

Չբավարարվելով կատարածով՝ հիշյալ անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի  անվադողը: 

Այսպիսով, մոտ 10 րոպե շարունակ, Ա․Պ․-ն ու այլ անձինք, միմյանց գործողությունները փոխլրացնելով, խմբի կազմում կատարել են առերևույթ խուլիգանական արարքներ, որոնք դադարել են Ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ա․Պ․-ին մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներ կատարած անձանց բոլորի ինքնությունները պարզելու, միջադեպին ներգրավված կողմերի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am