Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լավ երաժշտությունը հոգուն է դիպչում. Գարի Քյոսայանի համերգին կհնչեն նրա հին ու նոր ստեղծագործությունները

Լավ երաժշտությունը հոգուն է դիպչում. Գարի Քյոսայանի համերգին կհնչեն նրա 
հին ու նոր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը ստեղծագործում է 13 տարեկանից: Տարիների ընթացքում նրան հաջողվել է յուրահատուկ ջազ գործերի մի ամբողջ գունապնակ ստեղծել, որոնք գրավում են ջազի տարբեր սերունդների երկրպագուներին:

Ջազի միջազգային օրը կոմպոզիտորը նախաձեռնել է համերգային ծրագիր, որի ընթացքում կհնչեն նրա թե՛ հին, թե՛ նոր ստեղծագործությունները՝ միտված լույսը, գեղեցիկը:

MXO_5471.JPG (817 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Քյոսայանն ասաց՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Քյոսայանի և նրա ջազ քառյակի հետ հանդես կգան երգչուհի Ալլա Սահակյանը, «Գեղարդ» երգչախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհի  Լուսինե Ֆիելոնը:

«Հանդիսատեսի և մեզ համար Լուսինե Ֆիելոնի ելույթը մեծ նվեր է: Նա ուղղակի հայտնություն էր: Ամբողջ կյանքում սիրել եմ ջազ ջութակահարներին. նրանցից է Ստեֆան Գրապելին, բայց լսելով Ֆիելոնին՝ զարմանք ապրեցի, որ այդքան վիրտուոզ ջութակահար կա, որն այդքան խորը զգում է իմ երաժշտությունը»,-նշեց կոմպոզիտորը:

Ալլա Սահակյանի խոսքով՝ ծրագիրը հագեցած է, և պատահական չէ, որ «Լույս» ստեղծագործությամբ է մեկնարկելու համերգը, քանի որ այն բոլորին համախմբող, ոգեշնչող է: «Հեշտ ժամանակներում չենք ապրում: Ջազն ունի հոգևոր արմատներ, ուստի այդ գեղեցիկ ստեղծագործությունը՝ «Լույս»-ը, «Գեղարդ»-ի կատարմամբ կսկսենք: Ես ևս մասնակցում եմ համերգին և ջազային հիթեր եմ երգելու»,-ասաց երգչուհին և հավելեց՝ աշխարհը հետևում է ջազի անհասկանալի տենդենցներին, այլափոխություններին: «Անգրագետ երաժշտությամբ զբաղեցնում են երիտասարդների միտքը, բայց ճշմարտությունը մեկն է՝ լավ երաժշտությունն առաջինը հոգուն է դիպչում, և մենք  նպատակ ունենք հանդիսատեսին բերել դահլիճ ու մատուցել գեղեցիկն ու ճաշակովը»,-շեշտեց Սահակյանը:

MXO_5514.JPG (792 KB)

Գարի Քյոսայանը վերջին շրջանում նախընտրում է ավելի շատ քայլել, քան մեքենա վարել, երբեմն տաքսի է նստում ու անակնկալի է գալիս, երբ տաքսու մեջ լսում է իր երաժշտությունը, սակայն չի կարող չնկատել նաև անճաշակ երաժշտությունը, որը հաճախ է հնչում Երևանի փողոցներում:

«Աշխարհում ոչ միայն վատ երաժշտություն, այլև առհասարակ վատ արվեստ է տարածվում: Ամենատգեղ երևույթն այն է, երբ ջազի անվան տակ ինչ պատահի նվագում են ու մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այդ երաժշտության հետ»,-ընդգծեց նա և հավաստիացրեց, որ ջազը կարող է հայինը լինել, քանի որ հայ ազգը մտածող է, ունի Նարեկացի, որը մտքի գերազանց իմպրովիզատոր էր, 20-րդ դարում Արամ Խաչատրյան, Միշել Լեգրան, Շառլ Ազնավուր...

Ըստ նրա՝ այդ անունները խոսում են ազգի մտավոր զարգացման մասին:

Կոմպոզիտորը կարծում է՝ ջազը պետք է պատկանի բոլորին և ջազմեններին խնդրում է չնվագել միայն իրենց համար: «Եթե ջազմենը նվագում է գործընկերների համար, ստացվում է, որ ինքն իրեն պետք է ցույց տա, այն ամենը, ինչ գիտի, այնինչ պետք է նվագել լայն մասսաների համար: Ջազի մեծեր Էլլա Ֆիցջերալդի, Դյուկ Էլինգտոնի, Օսկար Փիթերսոնի երաժշտությունը համամարդկային էր, մատչելի էր այնքան, որ եվրոպական հարթակներում հազարավոր հանդիսատես էր համախմբում, որովհետև ժողովրդի համար էին  երգում, նվագում»,-շեշտեց նա:

MXO_5561.JPG (701 KB)

Քյոսայանը սիրով է համադրում դասական ջազն ու երգեհոնը, անգամ կոնցերտ է գրել ջազ  և դասական երգեհոնների համար: Իր ուսուցիչներից է համարում Ջիմմի Սմիթին, որը ևս երգեհոնով ջազ է նվագել, ինչը Քյոսայանի համար հեքիաթային երևույթ, աշխարհ է եղել: Երազել է երգեհոն նվագել: Հետագայում ԱՄՆ է մեկնել ու շատ ցանկացել տեսնել Ջիմմի Սմիթին: «Գնացի Սմիթի ելույթը լսելու փոքր ջազ ակումբում: Նրան շնորհակալություն հայտնեցի՝ ասելով, որ նրա շնորհիվ եմ ջազ նվագել սովորել, որ անգիր գիտեմ նրա բոլոր ստեղծագործությունները: Նա առաջարկեց նվագել, այնուհետև վիսկի խմեցինք: Հարցրեց, թե որտեղից եմ, պատասխանեցի՝ Հայաստանից»,-պատմեց Քյոսայանը:

Սմիթը չի իմացել, թե որտեղ է Հայաստանը, սակայն ժամանակի ընթացքում ընկերացել է Քյոսայանի հետ և յուրովի ճանաչել Հայաստանը:

MXO_5620.JPG (616 KB)

Գարի Քյոսայանը 1995 թվականին է երկու երգեհոնի համար իր կոնցերտը նվագել ԱՄՆ-ում, որը հետագայում հնչել է նաև Հայաստանում: Հենց այդ համերգից հետո է սկսվել նրա հաջողությունների շղթան արտերկրում:

 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am