Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներ

Կվերանայվի բուհերի ընդունելության  գործող կարգը, կներդրվեն ընդունելության 
նոր մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում կվերանայվեն նաև բուհերի  ընդունելության  գործող կարգի որոշ տեխնիկական դրույթներ: 2023-2024 ուստարում չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հենված է սովորողների մոտ հմտությունների և կարողունակությունների զարգացման սկզբունքի վրա: 2024 թ. նախատեսվող պետական ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում նախատեսվում է Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողների գիտելիքները ստուգել նաև նոր չափորոշչի շրջանակում ուսումնական վերջնարդյունքները ստուգող և միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությամբ թեստերի միջոցով ևս, որի հիմքում բնագիտական քննությունների մասով կլինեն նաև լաբորատոր-գործնական աշխատանքների մասին կարգավորումներ: Թեստերի միջոցով կստուգվեն հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջնարդյունքները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակը հենց այս 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար), որի արդյունքները, որպես նաև ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կկազմակերպվեն ընդունելության հիմնական   փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է փոխել նաև բուհեր ընդունելության սկզբունքները, և փորձնական այս հնարավորությունը, դրա արդյունքների վերլուծությունը թույլ կտան մշակել նոր մոտեցումներ:

Որոշմամբ 2024-2025 և 2025-2026 ուստարիների ընդունելության համար ևս, ինչպես 2022-2023, 2023-2024 ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի «Արարատյան Բակալավրիատ»-ին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումը ՀՀ ողջ տարածքում: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը,  շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ ՀՀ կամ այլ պետությունների ուսումնական հաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա: Կարգավորվում է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլի գործընթացները, հայտագրման ժամկետը  հուլիսի 19-ից տեղափոխվել է հուլիսի 20-ը՝ հուլիսի 18-ին հիմնական փուլի ամփոփումից հետո համակարգը հաջորդ փուլին պատրաստելու  ժամանակ շահելու համար:

Ինչպես նշել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդունելության կարգում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով:

«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը համարվում է նաև կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ»,- ասել է  նախարարը: 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի Տավուշի մարզի, իսկ 2026 թվականին Երևանի և բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ մեխանիզմներ են գործարկվելու, որպեսզի քննության գնահատականն արտահայտի օբյեկտիվ պատկերը:

Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով. «Այսինքն՝ այստեղ մարդկային գործոնը բացառված է: Քննությունների կազմակերպումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից, քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում: Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է: Մնացած բոլոր առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան գնահատման և ստուգման  մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»: Նախարարը հավելել է, որ պետք է աստիճանաբար բերել այն բանին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ քննությունների ու գնահատման համակարգի օբյեկտիվության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա. «Ես չեմ կարծում, թե մենք ձերբազատվել ենք այն ընկալումից, որ երեխային բարձր գնահատական նշանակելը՝ անկախ նրանից, թե երեխան ու գիտելիքը կամ հմտությունը գնահատականի հետ ի՞նչ հարաբերություն ունեն, մեր իրականության մեջ համարվում է լավություն: Այսինքն՝  շատ լավ բարեկամական մեծ բան արվեց, երբ երեխային ավելի բարձր գնահատական նշանակվեց, այս կետից շղթան սկսում է աշխատել»: 

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ՝ բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անցկացնում, և եթե դրա արդյունքները էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատականներից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը, և պետք է պարզաբանում ներկայացնել: Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա առավելագույն՝ 10 միավոր, որը գրեթե չի կիրառվում և գրեթե  ոչ մեկ այն  չի ստանում, ինչը նույնպես ճիշտ չէ»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել դպրոցներում գնահատման համակարգը։ Նախարարը նկատել է՝ բոլոր դպրոցներում ներդրվել է  էլեկտրոնային մատյան, ինչի արդյունքում բոլոր դպրոցների գնահատականները  նախարարության ամենօրյա վերահսկողության  դաշտում են։

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է  հատկացրել Հայաստանի  ճանապարհների վիճակի բարելավման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի  «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից  1,697,566.2 հազար դրամ  հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Գումարը կուղղվի  ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության  ծառայությունների, միջին նորոգման, ինչպես նաև նախագծերի փորձաքննության և ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծման ծառայության (30%-ի) վճարման համար: Նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 26.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.17 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 18.64 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 7.35 կմ, իսկ  միջին նորոգմանը՝ մոտ 0,6 կմ։

Իրականացվել են հետևյալ հիմնանորոգման աշխատանքները՝ Ծղուկից  դեպի Սառնակունք և Սպանդարյան տանող ավտոճանապարհի 7.468 կմ հատված, Հրազդան համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի 4.2 կմ հատված, Ֆանտան բնակավայրի տարածքով անցնող ավտոճանապարհի 2.3 կմ հատված, Բջնիից Հրազդան տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատված, Արթիկ համայնքով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատված, Իծաքարից Գանձաքար տանող ավտոճանապարհի 35.006 կմ հատված, Հրազդանից Ծաղկաձոր տանող ավտոճանապարհի 10.5 կմ հատված, Գավառ-Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք բնակավայրերը իրար կապող ավտոճանապարհի 12.9 կմ հատված, Արմանիսից  Ուրասար  և Կաթնաղբյուր տանող ավտոճանապարհի 8.6 կմ հատված և Կաթնաղբյուր բնակավայրի 8-րդ և 9-րդ փողոցներ (1.947կմ): Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում՝ Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից Չարենցավան տանող ավտոճանապարհի մնացած 0.6 կմ հատվածում:           

Գումար կհատկացվի նաև՝ Մրգաշատ-Ալաշկերտ- գ․Արմավիր ավտոճանապարհի 4 կմ առանձին հատվածների հիմնանորոգման նախագծի պատրաստման (30%) և փորձաքննության իրականացման, Խնձորեսկից Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության իրականացման, Շամբից դեպի Շամբի ջրամբար տանող ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծի փորձաքննության, Որոտան բնակավայրի ճանապարհի 1.7 կմ հատվածի հիմնանորոգման նախագծի փորձաքննության համար:

Գումար է հատկացվել ավարտված հետևյալ շինաշխատանքների համար՝ Ազատանից դեպի Շիրակի օդանավակայնի խաչմերուկ 5.7 կմ հատվածի հիմնանորոգում, Սպիտակի ոլորանների հիմնանորոգում, Աբովյանից դեպի Աբովյանի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի 1.4 կմ հատվածի հիմնանորոգում, Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգում, Վերին Պտղնու տրանսպորտային հանգույց-Չարենցավան հատվածի միջին նորոգում:

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի  Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի  Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է  2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ:

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ: Այսպիսով՝  ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և խոտհարքներ) տանող գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝ Գեղարքունիքի, Լոռու,  Կոտայքի, Վայոց ձորի և  Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ, իսկ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Սյունիքի մարզպետների աշխատակազմերում մասնակից չլինելու հանգամանքով պայմանավորված՝ մրցույթները վերահայտարարվել են և գտնվում է կատարման ընթացքում։ Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝  Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին կհատկացվեն, համապատասխանաբար 3,168 հազար դրամ, 2,930 հազար դրամ, 2,090 հազար դրամ, 3,300 հազար դրամ, 5,886 հազար դրամ: Որոշման ընդունումը կնպաստի՝ պատմամշակութային, ուսումնական ու գիտաճանաչողական (հնագիտական, երկրաբանական), էկոլոգիական, էթնոգրաֆիկ և տուրիզմի այլ ձևերի զարգացմանը:

Ամառային զորակոչ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝  նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024 թ. հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2024թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2022թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվել է 2022թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել 2023-2024թթ. ընթացքում օրենսդրական փոփոխությունների և լրացումների արդյունքում կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների, 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած (2024թ. փետրվարի 12-ից հետո դիմելու հիման վրա) և օտարերկրյա պետությունում համապատասխան ժամկետով համապատասխան ծառայություն չանցած, ինչպես նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած (2024թ. փետրվարի 12-ի դրությամբ) ու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիների զորակոչի հարցը:

Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև   2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի  առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Արդյունքում՝ նոր ուսումնական տարում հնարավորություն կտրվի  ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, կապահովվի կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն: Երկրորդը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգն է, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգն իրենից ենթադրում է հայալեզու կայք: Արդյունքում կապահովվեն պայմաններ՝ թանգարանների տոմսերի վաճառքի թվայնացման համար:

Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման  պատշաճ և համակարգված աշխատանքներ

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև  աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե  ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, նրա բնակության վայրն այլ է, և այդ դեպքում  ստեղծված հայտը փակվում է: Այդ դեպքում գործընթացը շարունակելու որևէ իրավասություն այլևս չի լինում: Ըստ այդմ՝ առաջարկվում է նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի  դարձնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով: Առաջարկվում է, որ ԽՀՄ-ն տարվա ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն կներկայացնի նախարարությանը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Միաժամանակ, առաջարկվում է նաև, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների՝ գործող կարգով սահմանված պարտականությունների շրջանակում դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և երեխաների թվի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի նախարարությանը: Սահմանում է նաև նոր դրույթ, համաձայն որի՝ արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի  դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա  ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր  են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, համակարգչային  գիտությունների, մաթեմատիկայի, ֆիզիկական գիտությունների, ճարտարագիտության, կենսաբանական գիտությունների ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ըստ այդմ՝ 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում: Որոշմամբ՝ մագիստրատուրայի 2024-2025 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության՝ «Ավիատիեզերական ճարտարագիտություն», «Սարքաշինություն և չափագիտություն» մասնագիտության՝ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Ֆիզիկա» մասնագիտության՝ «Մակրոմոլեկուլների ֆիզիկա», «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության՝ «Հեռահաղորդակցություն», «Կենսաբանություն» մասնագիտության՝ «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում» և այլն: Նախատեսվում է 2024-2025 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 219 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 171 տեղ՝ ընդհանուր տեղերի 16.3 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3.8 %-ը  (ընդամենը՝ 40,9%):

Օրենսդրական նախաձեռնություններ. ՀՀ-ում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Նախագծերի ընդունման արդյունքում նաև կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքների անվտանգությունը, Ոստիկանությունը կստանա հնարավորություն առավել արդյունավետ կատարելու իր գործառույթները հասարակական կարգի և անվտանգության պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման և բացահայտման ոլորտում, ինչպես նաև կընդլայնվի Ոստիկանության փոխհամագործակցությունը մասնավոր տնտեսվարող սուբյեկտների հետ։ Այս փոփոխություններն իրենց հերթին կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում հասարակական կայունության ամրապնդմանը և տնտեսության աճին և զարգացմանը։ Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտների, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։  Գործարանային տեխնիկական բնութագրով տեսահսկման սարքերով կահավորում  նախատեսված ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահների, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը, ինչպես նաև շտապ օգնության ավտոմեքենայի, ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ։ Համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը կպարտավորվի իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետևելու և դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Ոստիկանությանը։

Հավանություն է տրվել  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել համայնքի ավագանու անդամի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները։ Նախագծերով առաջարկվում է ավագանու անդամների համար սահմանել անհամատեղելիության պահանջների վերաբերյալ հստակ կարգավորումներ։ Մասնավորապես, նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանու անդամների  այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումների առանձնահատկությունները սահմանել ոլորտային օրենսդրությամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով։ Քննարկվող օրենքներում առաջարկվում է սահմանել, որ համայնքի ավագանու անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, համայնքային աշխատակազմերում, ինչպես նաև չեն կարող զբաղեցնել որևէ ղեկավար պաշտոն համայնքային կազմակերպություններում։

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: Այս միջոցառումները կբարելավեն ներքին պարտքի շուկայի մասնակիցների կազմն ու կառուցվածքը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիության աճն ամրագրված է որպես ներքին պետական պարտքի կառավարման նպատակադրում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի կոնսոլիդացիա, շուկային առաջարկել նոր գործիքներ՝ ընդլայնելով ներդրողների շրջանակը, ինչպես նաև փոխանակման աճուրդների կազմակերպման միջոցով լրացուցիչ գործիքակազմ ապահովել վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի իրականացման համար: Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում ներքին փոխառու զուտ միջոցների տեսակարար կշռի ավելացումն արտաքին փոխառու զուտ միջոցների նկատմամբ միտված է նվազեցնել փոխարժեքի ռիսկը, ինչպես նաև հիմքեր ստեղծել ֆինանսական շուկայում նոր գործիքների կիրառման ու շուկայի հետագա խորացման համար:

Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշումներով «Ֆարմատեք» և «Վալան պրոֆ»  ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ֆարմատեք» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլների, աչքի կաթիլների արտադրության, իսկ սարքավորումները նոր արտադրական տարածքի կառուցման համար։ 1997 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է  Երևանում: Արդեն իսկ իրականացվել է 330 մլն դրամի ներդրում, նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 80 աշխատատեղ՝ 470 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 94-ի՝ 429 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 155.6 մլն դրամ:

«Վալան պրոֆ» ՍՊԸ ներմուծվող հումքը կօգտագործի մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների, ինչպես նաև կահույքի արտադրության համար։ 2004 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 13.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ներկայումս առկա է 131 աշխատատեղ՝ 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 174-ի՝ 192 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 13.9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.46 մլրդ դրամ:

Այլ որոշումներ. Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի  նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է  կարգավորել  2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում տուժած անձանց (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված) ընտանիքների սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ  կհատկացվի 6.6 մլն դրամ՝  2024թ․ մարտ և ապրիլ ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի պետական գույքի վաճառքն (օտարում, մասնավորեցում) աճուրդով կարող է իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պետական գույքի վաճառքի կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վաճառքի էլեկտրոնային աճուրդների իրականացման համակարգի բարեփոխման հետ։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am