Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջան պետության հիմնաքարը հակահայկականությունն է և հայության զանգվածային կոտորածները․ Վիլեն Գաբրիելյան

Ադրբեջան պետության հիմնաքարը  հակահայկականությունն է և հայության 
զանգվածային կոտորածները․ Վիլեն Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ իրավունքների արմատական, համապարփակ և երաշխավորված վերականգնումը ենթադրում է Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ էթնիկ և ռասայական խտրականության հողի վրա ոտնահարված անօտարելի իրավունքների իրացման ապահովում։

Վիլեն Գաբրիելյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

- Պարոն Գաբրիելյան, ապրիլի 24-ը Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքով ամրագրված է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Սակայն բացի օրենսդրական ամրագրումից այն ունի խորհրդանշական հսկայական իմաստ և բովանդակություն։ Ինչպիսի՞ն է օրվա խորհրդի Ձեր ընկալումը։

- Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր և ամենաողբերգական օրերից է, երբ մեկտեղվում են պատմական անարդարության, ազգային ողբերգության և անհամարժեք հետևանքների գիտակցումն ու կորստի և անդառնալիության զգացողությունները։ Դեռևս 19-րդ դարի վերջից արևմտահայությունը հայտնվեց Օսմանյան իշխանության ջարդարար թիրախում, որին 1894-1896թթ․ զոհ գնացին ավելի քան 300 հազար հայեր։ Պանիսլամական և պանթյուրքական ծայրահեղականության ախտով տառապող Օսմանյան շրջանակները, օգտվելով Առաջին աշխարհամարտի ընձեռած հնարավորությունից, շարունակեցին և աննախադեպ չափերի հասցրին հայության ֆիզիկական բնաջնջման զազրելի ծրագրերը, ինչը հանգեցրեց ոչ միայն բուն Արևմտյան Հայաստանի, այլև Կայսրության այլ հայաբնակ և հայաշատ վայրերի հայաթափմանը։ Հայության զրկանքների մասին վկայություններն անթիվ են, դրանք երբեմն չեն տեղավորվում մարդկային երևակայության և տրամաբանության ծիրում։ Օրվա խորհուրդն ինձ համար՝ որպես Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահի, է՛լ ավելի խորքային  և պարտավորեցնող է այն առումով, որ ես և իմ գաղափարակիցները կրել ենք ցեղասպանական ակտ համարվող բռնի տեղահանման ողջ ծանրությունը։

 

- Դուք նկատի ունե՞ք 1988-1992թթ ադրբեջանական իշխանությունների կողմից հայության լայն զանգվածների տեղահանումը։

- Ա՛յո, մենք մեր կոչերում և հայտարարություններում շարունակաբար շեշտում և բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը հրավիրում ենք ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից ավելի քան մեկ դար հայության տարբեր զանգվածների նկատմամբ տարվող խտրական և ցեղասպան քաղաքականության վրա։ Բազմաթիվ երկրներ ընդունել և դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայության ցեղասպանության անժխտելի փաստը, սակայն քչերն են տեղյակ կամ քչերն են հարկ համարում բարձրաձայնել այն մասին, որ արևմտահայության հիմնական կոտորածից և տեղահանությունից շատ կարճ ժամանակ անց՝ 1918թ․ սեպտեմբերի 15-17-ին Բաքվում տեղի ունեցավ տասնյակ հազարավոր հայերի ամենաիսկական կոտորած, իսկ հաջորդ ամիսներին քաղաքում հրաշքով ողջ մնացած հայության կյանքը վերածվեց իսկական դժոխքի՝ մարդու կենսական անօտարելի իրավունքների արմատական ոտնահարմամբ, ինչը վկայված է բազմաթիվ աղբյուրներով, այդ թվում՝ օտարերկրացիների վկայություններով։ Հետևապես մեծ ջանքեր չեն պահանջվում 1918-1920թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից հայության նկատմամբ պետականահեն քաղաքականությունը բնորոշել որպես ցեղասպանական։

 

- Այսինքն Դուք կարծում եք, որ արևելահայությունը 1918-1920թթ ենթարկվե՞լ է ցեղասպանության։

- Արևելահայության նկատմամբ ռասայական անհանդուրժողականության և էթնիկ զտումների քաղաքականությունը սկսվել է դեռևս 1905-1906թթ․ թաթար-հայկական բախումներով։ Դրանք առաջին էթնիկ զտումներն էին, որոնց զոհ գնացին մեծ թվով հայեր՝ առանց տարիքի և սեռի խտրության։ Սակայն 1918թ․ Բաքվի, ինչպես նաև ողջ Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի  հայության տեղահանումն ու ջարդերն արդեն ունեին պետական ուղղորդման և համակարգային  կազմակերպման բնույթ։ Ուստի սխալված չենք լինի, եթե ասենք, որ 1918թ․ Հարավային  Կովկասում առաջին անգամ հռչակված Ադրբեջան պետության հիմնաքարը  հակահայկականությունն է և հայության զանգվածային կոտորածները: 

- Այսինքն արևելահայության՝ մասնավորապես Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի  հայության կոտորածների քաղաքականությունն ունեցե՞լ է փուլային բնույթ։ 

- Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի  պատմությունը կարճ և դիպուկ կարելի է բնորոշել որպես հավաքական ցեղասպանության  փուլային իրացման պատմություն։ 1905-1906թթ․, 1918-1920թթ․ կոտորածներն ու էթնիկ  զտումները էականորեն նվազեցրել, իսկ 1988-1992թթ․ կոտորածներն ու բռնի  տեղահանությունները զրոյացրել են հայկական վաղնջական ներկայությունը այս պատմական  տարածքներում։ Հետևապես ինչպես այլ կերպ բացատրել 1988թ․ Սումգայիթի, Գանձակի, 1990թ․  Բաքվի, 1992թ․ Մարաղայի կոտորածներն ու ջարդերը, եթե ոչ դասական ցեղասպանության  արդիականացված արտահայտություն։ 

 

- Ձեր կարծիքով ինչպե՞ս է հնարավոր խթանել նման ցեղասպանությունների  կանխարգելման գործընթացը։ 

 - Ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության առջև այժմ ծառացած ամենակարևոր  խնդիրներից մեկն է։ Թեև 1948թ․ ՄԱԿ-ն ընդունել է համապատասխան կոնվենցիա, որը  պարբերաբար լրացվում և արդիականացվում է, սակայն վերջին տարիների իրողությունները  գալիս են ապացուցելու ցեղասպանություն հանցագործության պատժի ու  պատասխանատվության մեխանիզմների անբավարարության և խոցելիության փաստը։ 109 տարի առաջ արևմտահայության ցեղասպանության ճարտարապետներն այդպես էլ չարժանացան  միջազգային համարժեք պատժի, ինչը առիթ դարձավ մեկ այլ՝ ցեղասպանության կանխարգելման  և պատասխանատվության այլընտրանքային մեթոդների ինստիտուտի առաջացմանը։ Այս  երևույթը պետք է ահազանգ լիներ ժամանակի առաջատար երկրների համար, սակայն խնդրի  անտեսումն ու անբավարար միջոցները հանգեցրին դարի ընթացքում այլևայլ ցեղասպանական  ակտերի գրանցմանը։ Հանգամանք, որը փաստում է և ապացուցում, որ այժմ որևէ ժողովուրդ  ապահովագրված չէ ցեղասպանվելու վտանգից, եթե չկան դրա կանխարգելման ամենաճկուն և  օբյեկտիվ մեխանիզմները։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ 1988-1992թթ․ պատմական  Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի, ինչպես նաև 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 150 հազար հայության իրավունքների արմատական, համապարփակ և երաշխավորված  վերականգնումը կարող են հիմք ստեղծել արևելահայության ցեղասպանության հետևանքների  նախնական հաղթահարման համար։ 

 

- Պարոն Գաբրիելյան, ինչպես եք Դուք պատկերացնում իրավունքների արմատական,  համապարփակ և երաշխավորված վերականգնումը։ 

- Իրավունքների արմատական, համապարփակ և երաշխավորված վերականգնումը ենթադրում է  ադրբեջանական վարչակարգերի կողմից հայության նկատմամբ էթնիկ և ռասայական  խտրականության հողի վրա ոտնահարված անօտարելի իրավունքների իրացման ապահովում,  այդ թվում՝ վերադարձի, կորսված գույքի վերադարձի կամ արժանի փոխհատուցման, մշակութային ժառանգության մշտադիտարկման, գնահատման և համապատասխան  միջոցառումների անցկացման, բարոյական վնասի փոխհատուցման մեխանիզմի մշակում։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հսկայական հետազոտություն է  իրականացրել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների կորցրած գույքի վերաբերյալ և  պատրաստվում է լիարժեք կիրառում տալ դրան համապատասխան դատական գործընթացներում:  Այս բոլոր վերոնշյալ իրավունքների անխափան կյանքի կոչումը հնարավոր է միմիայն միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում։ Միջազգային ամուր  երաշխիքների բացակայությունը անհնար է դարձնում բռնի տեղահանված հայության հսկայական զանգվածների կենսական անվտանգությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am