Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը

Գործարկվել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային 
պետական հարթակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գործատուի և աշխատանք փնտրողի միջև կամուրջ ստեղծելու, հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը մեկտեղելու ու պետություն- գործատու-աշխատանք փնտրող կապը խթանելու նպատակով գործարկվեց աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակը՝ e-work.am-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում  իրականացվող աշխատանքները: Նախարարը կարևորեց նմանօրինակ հարթակների դերը, որոնք աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան կայուն զբաղվածություն:

«Ըստ էության, սա առաջին մասշտաբային պետական հարթակն է, որը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին և գործատուներին: Լիահույս եմ, որ այս գործում ևս կհաջողենք և արված աշխատանքն արդյունավետ  կլինի և՛ աշխատանք փնտրողների, և՛ գործատուների համար»,- նշեց նախարարը: 

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց՝ e-work.am-ն առաջին զբաղվածության պետական հարթակն է, որը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին և գործատուներին իրենց տեղեկատվությունն անվճար տեղադրել այս հարթակում և գտնել այն անհրաժեշտ աշխատուժը կամ աշխատանքը, որն առկա է: 

HM2_1985.JPG (394 KB)

«Հարթակի առավելությունն այն է, որ ծրագրավորման փուլում ներդրել ենք այնպիսի ալգորիթմային մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս լավագույնս համակցված, ֆիլտրված համադրումներ իրականացնել և գտնել հենց այն աշխատանքը, որը փնտրողի հմտություններին և կարողություններին համահունչ է և/կամ գտնել այն աշխատակցին, որը հանրայնացրած աշխատանքին համահունչ է: Հարթակը համակցվում է պատական այլ շտեմարանների հետ և տեղեկատվության մի մասն ուղղակի գալիս լրացվում է cv-ի մեջ: Հարթակը հնարավորություն է տալիս նախընտրելի աշխատանքները նախապես հավանելով՝ լցնել հատուկ բաժին, ինչպես այլ սոցիալական հարթակներում»,- ասաց նա: 

Պարզյանի խոսքով՝ պետության համար կարևոր են ճշգրիտ տվյալները, որոնց միջոցով կարելի է անել ճշգրիտ վերլուծություններ և կանխատեսումներ տնտեսության, զբաղվածության և այլ ոլորտներում: Հարթակում գրանցվող կազմակերպությունների և անձանց տվյալների առկայությամբ պետությունը կունենա զբաղվածության շուկայի ճշգրիտ վերլուծություն:  

e-work.am հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրողներին և գործատուներին հաղորդակցվել միմյանց և պետության հետ թվային միջավայրում, ստանալ և առաջարկել թվային ծառայություններ: Անհատներին այս հարթակը կտա հնարավորություն բարելավել աշխատանքային պայմանները և կարիերայում գրանցել աճ։ Գրանցվելով հարթակում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կտեղադրեն իրենց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն, կկարողանան ստանալ աշխատանքի առաջարկներ և կունենան հնարավորություն ներգրավվելու զբաղվածության ծրագրերում։ Իսկ կազմակերպությունների ղեկավարները կկարողանան պետական միասնական հարթակում ստեղծել իրենց կազմակերպության պրոֆիլը և անվճար տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների հայտարարությունները և գտնել համապատասխանող աշխատողների, ինչպես նաև ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին:

«Այս պահին ունենք աշխատանք, կամավորություն, զբաղվածության պետական ծրագրեր բաժինները: Հարթակը հնարավորություն կտա կամավորների բազա ունենալ, որը այս կամ այն դեպքերի ժամանակ լիարժեք կկարողանա ներգրավվել աշխատանքներին»,- ներկայացրեց Պարզյանը: 

Նա վստահեցրեց՝ հարթակը շարունակական լավարկվելու, նոր գործիքներով համալրվելու միտում ունի: 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով: Շնորհանդեսից հետո կայացել է նաև Աշխատանքի տոնավաճառ 2024-ը, որին մասնակցել են գործատուներ մի շարք ոլորտներից:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am