Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

«Նոր գիրք»-18/24. Ազատյան, Քրիստի, Կյուրի, Ստրոբել

«Նոր գիրք»-18/24. Ազատյան,  Քրիստի, Կյուրի, Ստրոբել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Արեգ Ազատյան, «Դադարի պահին»
areg.jpg (96 KB)

Պահը և հավերժությունը, անցյալի քայլն ու ապագայի հետևանքը, մեկ մարդու արարքն ու քաղաքակրթության ճակատագիրը. հակադիր բևեռները «Դադարի պահին» ժողովածուի յուրօրինակ պատմվածք-առակներում մոտենում ու սեղմվում են, քանի որ գնալով փոքրացող մոլորակում, ժամանակն ու նրա շերտերը նշանակություն չունեն: Մարդն է դառնում ժամանակի չափման միակ միավորը, և արարքը՝ ժամանակի ընթացքի ցուցիչը: Ինքնատիպ դիպաշարերով, անակնկալ լուծումներով և խորը ընդհանրացումներով այս գործերն ընթերցվում են մեկ շնչով, սակայն ընթերցողին մտածել տալիս շատ երկար։ Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։

Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Հանդիպում մահվան հետ»
handipum.jpg (58 KB)

Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։

Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազատների յուրաքանչյուր քայլը և ֆինանսական կախվածության մեջ պահում նրանց։ Բոլորը տենչում են նրա մահը, բայց ի վերջո ո՞ւմ զոհն է դառնում ծեր բռնակալուհին։

Դժվարին առեղծվածը այս անգամ ևս հանձն է առնում բացահայտել բելգիացի հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոն, որը հանգամանքների բերումով նույնպես հայտնվում է Երուսաղեմում։ Նա, անկախ իր կամքից, սպանության նախօրեին վկա է դառնում մի խոսակցության պատառիկի, որի շուրջ էլ կառուցում է հետաքննությունը։ Թարգմանությունը՝  Տաթևիկ Թումանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն
«Ռադիումի թագուհին կամ միշտ առաջինը. Մարի Կյուրի»
radiumi.jpg (191 KB)

Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Լի Ստրոբել, «Քրիստոսի իսկության վարույթը»
Li.jpg (144 KB)

Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Վերանայելով իր հոգևոր ճամփորդությունն աթեիզմից մինչև հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է հարությունն իրական իրադարձություն եղել: «Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք: Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am