Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի 
անվանական կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 10 մեդալ՝  3 արծաթ և 7 բրոնզ:

Նշվում է, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի 52-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1) ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

2) դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,

գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,

եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

3) դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am