Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետն անդրադարձել են Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման հարցին

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետն անդրադարձել 
են Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության  պահպանման հարցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մայիսի 10-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքին: Հանդիպումը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի ամփոփմանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը,  ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, նույն բաժնի գիտաշխատող Գոհար Մելիքյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքների իրականացման համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ծրագրի իրականացման կարևորությանը և  կառույցի հետ համագործակցությանը:

«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ աշխատանքներն ու  համագործակցությունը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ բազմաթիվ համատեղ նախագծեր ենք իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և հուսով ենք, որ այս ծրագրի ամփոփումը նոր նախագծերի իրականացման և փոխգործակցության շարունակականության հիմք կհանդիսանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով նաև Իրանի գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրին, հայտի շրջանակում իրականացված դաշտային հետազոտական աշխատանքներին, Սյունիքի մարզի համայնքներում բանահյուսական նյութերի գրանցման, մարզի կրթական և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ հանդիպումների և տեղեկատվական աշխատաժողովների կազմակերպմանն առնչվող հարցերին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային փորձագետ, Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ժանետ Բլեյքը բարձր է գնահատել ծրագրի իրականացումը և այն ցուցանիշները, որոնք արտացոլում են ծրագրի արդյունավետությունը՝ ներառելով ՀՀ

Սյունիքի մարզի համայնքների, կրթական և մշակութային կազմակերպությունների, ինչպես նաև մշակութային ժառանգության կրողների ներգրավվածությունն ու մասնակցությունը:  

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (US$ 74,855.00) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Հայտի նպատակն էր գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլն ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am