Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հանրապետության հրապարակում կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը

Հանրապետության հրապարակում կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» 
շարժման հերթական հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում կայացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց տերունական աղոթքով։ Ողջունելով հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ շարժումը նոր բնույթ է ստանում. այն ատելության, թշնամության երևույթների դեմ պայքարի շարժում է, որպեսզի «իսկապես վերանա ապիկար վիճակը և իրական հաշտություն հաստատվի, մարդիկ սիրով ապրեն, միմյանց փնտրելով ապրեն»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին վերահաստատեց շարժման պահանջը, որը ձևակերպել էր մայիսի 9-ի հանրահավաքին, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մեզ ասում են անհաղթահարելի պահանջ ենք դրել։ Ոչ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, մենք նշաձողն ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունն ու պահանջն է դա»,- նշեց նա։

Շարժման առաջնորդը հայտնեց, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստ են սկսելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

«Ժամկետները վստահաբար կտեղեկացնեմ։ Դա զուտ տեխնիկական հարց է։ Բայց այս ընթացքում շատ գործ ունենք անելու, որպեսզի այդ գործընթացը զարգանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքի ժամանակ նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին հանձնարարեց մինչև կիրակի երեկո մշակել և կազմել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների, սահմանազատման և գծման հայեցակարգ, ինչպես նաև պահեստազորի սպաներին ներկայացնել անվտանգության բարձրացման հայեցակարգ։

«Վաղը Հայաստանի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության և անհամաձայնության գործողություններ են իրականացվելու»,- ավելացրեց նա։ Հաջորդ հանրահավաքը հրավիրվեց կիրակի։ 

Հանրահավաքին ելույթ ունեցան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը, այլք։

Մինչև հանրահավաքը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները անցկացրել են ակցիաներ, երթեր են իրականացրել Երևանի տարբեր բուհերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am