Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության 
փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծապես կարևորել է ԱՄՆ-ի, ինչպես նաև ամերիկյան տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և կրթական ոլորտների համար։ Նախարարը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

«Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագիրը Ամերիկայի տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները: Ծրագիրը համախմբում է անդամ և դիտորդ երկրների մինչև 50 բարձրաստիճան պաշտոնյայի, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին։

Ծրագիրը Հայաստանում անցկացնելու արդյունքում կստեղծվեն նոր գործարար կապեր և լուրջ նախադրյալներ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև կազմակերպության մշտական դիտորդ հանդիսացող պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխշահավետ հարաբերությունների հաստատման համար, ինչն, իր հերթին, կնպաստի հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցությանը, կապիտալ ներդրումների ներգրավմանն ու կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am