Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Երևանում կհիմնանորոգվի 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ

Երևանում կհիմնանորոգվի 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլ» 25 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի ընթացքում ծրագրի մասով համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:

Փոխքաղաքապետը  նշեց, որ ծրագրով նախատեսվում է 6 պոլիկլինիկայում և 32 մանկապարտեզում իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:

«Եվրոպական ներդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37,1 մլն եվրո է: Երևանի քաղաքապետարանը համաֆինանսավորելու է 2 մլն եվրո, բանկի կողմից տրամադրվելու է 25 մլն եվրոյի չափով վարկ, և «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ներդրումային դրամաշնորհը կազմելու է 10,1 մլն եվրո»,-ասաց նա:

«Ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացումը և շինությունների շահագործման հանձնումը պետք է լինի վարկային համաձայնագրի ստորագրումից հետո՝ 4 տարվա ընթացքում»,-ասաց նա:

Ըստ Լևոն Հովհաննիսյանի՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ Երևանի քաղաքապետարանը հաջող իրականացրել է նաև առաջին ծրագիրը, որը ներառում էր 15 մանկապարտեզի սեյսմիկ ամրացում և վերակառուցում:

«Առաջին ծրագրին տրամադրված վարկն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանն է մարում՝ սկսած մայր գումարից, վերջացրած տոկոսադրույքներով, իսկ երկրորդ ծրագրի 25 միլիոն եվրո վարկային մասը ՀՀ կառավարությունն է մարելու»,-նշեց նա:

Նախագծն ընդունվեց 35 կողմ, 12 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am