Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) տանկերն առաջ են շարժվում Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ գործակալության հետ զրուցած բնակիչներից մեկի՝ զրահատեխնիկան անցել է Գազայի հատվածի գլխավոր մայրուղին՝ Սալահ ադ Դինը, և մտել Բրզայիլի և Ջնեյնայի շրջաններ։

«Նրանք փողոցում են՝ շենքերով լի հատվածում։ Բախումներ են տեղի ունենում», - հայտնել է Ռաֆահի բնակիչներից մեկը։

Բացի այդ, տեղեկություն կա, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավելացնում է ցամաքից և օդից հարվածները Ռաֆահի արևելքին։

Իսրայելի միջազգային դաշնակիցները և բարեգործական կազմակերպությունները բազմիցս կոչ են արել ռազմական գործողություններ չիրականացնել Ռաֆահում, որտեղ ավելի քան 1 միլիոն մարդ է օթևանել պատերազմի 7 ամիսների ընթացքում։

Միաժամանակ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Գազայի հատվածի հյուսիսում ԻՊԲ-ի ստորաբաժանումները շարունակում են առաջ շարժվել պաղեստինցի փախստականների համար նախատեսված «Ջեբալիա» ճամբարում. ամիսներ առաջ իսրայելական հրամանատարությունն արդեն հայտարարել էր, որ այդ գոտին մաքրվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտիկներից։

Հաղորդվում է նաև փախստականների «Նուսեյրաթ» ճամբարին հասցված հարվածի մասին:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել էր, որ, ամերիկյան վարչակազմի գնահատումներով, ներկայում Իսրայելը բավականաչափ զորքեր է կենտրոնացրել Ռաֆահ քաղաքի ծայրամասում՝ առաջիկա օրերին լայնածավալ հարձակում իրականացնելու համար:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 35 000 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am