Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիան վերացնելու համար պետք է շարունակել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում կոռուպցիան վերացնելու համար 
պետք է շարունակել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը, չնայած կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ունեցած հսկայական առաջընթացին, ցավոք, չի հաջողվել վերացնել կոռուպցիան, սակայն պետք է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ, լինել համառ և լինել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առումով։

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր այն կարծիքը, որ Հայաստանը հսկայական առաջընթաց ունի կոռուպցիայի դեմ պայքարում։

«Ցավոք, չենք կարող ասել, որ մեզ հաջողվել է վերացնել կոռուպցիան Հայաստանից, բայց ի՞նչ անել։ Շարունակել լինել համառ և լինել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում, և այդ պատճառով Եվրամիության հետ համագործակցությունը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ Եվրամիությունը հիմա մեր հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում»,- ասել է վարչապետը՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները նույնպես կբարձրացնեն Հայաստանին աջակցության մակարդակը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում, քանի որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ, Հայաստանը 2019 թվականին ռազմավարական երկխոսություն է սկսել Միացյալ Նահանգների հետ, և այժմ արդեն ակնհայտ է ՀՀ-ի համագործակցության ընդլայնումը Եվրամիության հետ։

«Ես նշեցի, որ մենք ունեցել ենք եռակողմ հանդիպում Միացյալ Նահանգների, Եվրամիության և Հայաստանի միջև, և, ի դեպ, դա աննախադեպ ձևաչափ էր, և մենք ընդունեցինք հսկայական օրակարգ ինստիտուցիոնալ բարեփոխումների, տնտեսական բարեփոխումների համար»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից շատ ավելի մեծ աջակցությունը՝  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, քանի որ դա շատ զգայուն և զգացմունքային հարց է հայերի համար և ակնհայտորեն հումանիտար խնդիր է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am