Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի հաղթողներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց «Հայկական համադպրոցական գիտության 
փառատոն 2024»-ի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 14-ին պարգևատրեց «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2024»-ի հաղթողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հիշեցրեց, որ համալսարանը երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է գիտությանը նվիրված փառատոնն ու տարեցտարի տեսնում է փառատոնի զարգացումը, այն հետաքրքիր գաղափարները, որ աշակերտներն էնտուզիազմով ներկայացնում են:

«Այս տարի շատ տաբեր նախագծերի ենք առնչվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ բարեփոխումները, որ իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը, տալիս են իրենց արդյունքը: Շատ ուրախ կլինենք հաջորդ տարի փառատոնը կրկին հյուրընկալել ԵՊՀ-ում՝ նոր գաղափարներով, շնչով»,-նշեց ռեկտորը:

Հովհաննիսյանը տեղեկացրեց,  որ մայիսի 16-ին ԵՊՀ-ի բակում անցկացվելու է մեծ ցուցահանդես, որին նախորդ տարի մասնակցել է 20 հազար մարդ՝ աշակերտներ, ծնողներ, ուսանողներ, գործատուներ: Այն լավ  առիթ է ծանոթանալու ԵՊՀ-ին, ապագա գործատուներին:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այն գաղափարները, որոնց ականատես են եղել փառատոնի ընթացքում, փաստում են, որ գործ ունեն հասուն, սեփական  միտքը, դիրքորոշումը, կարծիքն ու տեսակետն ունեցող մարդկանց հետ:

«Ձեր գաղափարներին ծանոթանալը ոգևորում է մեզ, վստահություն ներշնչում, որ այն միջավայրն ենք ձևավորում, որտեղ երեխաները կարողանում են իրենց մտքերն առաջ քաշել, ինչի համար ունեն դպրոցների և մանկավարժների աջակցությունը, ինչը կարևոր է, որովհետև կարող են բազմաթիվ գաղափարներ լինել, բայց ուշադիր հայացքը, մանկավարժի նրբանկատությունը երեխաներին տանում են դեպի այդքան ցանկալի արդյունքը»,-ընդգծեց Անդրեասյանը:

Նախարարությունը ցանկանում է ոչ միայն շարունակել փառատոնը, այլև ընդլայնել այն:

Անդրեասյանն ասաց՝ գիտության փառատոնն աշխարհի տարբեր երկրներում տարածված ձևաչափ է: «Առաջին անգամ, երբ փորձում էինք այն իրականացանել նաև Հայաստանում, մեզ խանգարեց համավարակը, սակայն 2021-ին առաջին անգամ իրականացրինք, և ամեն տարի ընդլայնվում է փառատոնին մասնակից դպրոցների թիվը: Ուրախ եմ, որ հաղթող թիմերը հնարավորություն ունեն նաև մասնակցելու միջազգային, համադպրոցական հեղինակավոր փառատոնների: Նախորդ տարի առաջին անգամ բացի ԱՄՆ-ում իրականացվող միջազգային փառատոնից մեր հաղթող թիմերը հնարավորություն ունեցան մասնակցելու նաև եվրոպական մրցույթի: Այս տարի ևս մասնակցելու են»,-շեշտեց նախարարն ու հաջողություն մաղթեց բոլոր թիմերին:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն»-ի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն սերմանել, խմբային աշխատանքի, զարգացնել նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունները:

Չորրորդ անգամ անցկացվող փառատոնի մասնակիցների շրջանակը և աշխարհագրությունը մեծացել է. «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ» անվանակարգերում ներկայացվել է շուրջ 80 հետազոտական նախագիծ՝ Երևանի և մարզերի 30 ուսումնական հաստատություններից:    

Լուսանկարները` Հայկ Հարությունյանի

Փառատոնին մասնակցել են միջին և ավագ դասարանների աշակերտները՝ անհատապես կամ խմբով. գիտական ղեկավարի աջակցությամբ նրանք ներկայացրել են տարվա ընթացքում իրենց իսկ իրականացրած  հետազոտական նախագծերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am