Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայկական կողմը հանդիպումներ է ունեցել Երևանում անցկացվող ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում

Հայկական կողմը հանդիպումներ է ունեցել Երևանում անցկացվող ՎԶԵԲ տարեկան 
հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երևանում մայիսի 14-ին մեկնարկած 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում հայկական կողմը հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, գերատեսչության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի միջև հանդիպումով:

«Վերջինիս հաջորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հանդիպումը ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններին, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի և Լիտվայի  Հանրապետությունների պատվիրակությունների հետ: Կողմերն անդրադարձել են գերատեսչական մակարդակում համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է անցկացրել նաև Սան Մարինոյի Հանրապետության պատվիրակության հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել առաջին պաշտոնական շփումները կառավարությունների ներկայացուցիչների միջև, ինչպես նաև ուսումնասիրել ՎԶԵԲ-ի շրջանակներում համագործակցության ուղղությունները և երկկողմ տնտեսական համաձայնագրերի ստորագրման գործընթաց սկսելու հնարավորությունը:

Նույն օրը ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայկական կողմից և ՎԶԵԲ փոխնախագահ Մատեո Պատրոնեն ՎԶԵԲ կողմից:

Ծրագրով նախատեսվում է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հիմնել Մաքսային և լոգիստիկ կենտրոն: Կենտրոնը կբարձրացնի մաքսային գործառնությունների արդյունավետությունը և թափանցիկությունը, կբարելավի ծառայությունների մատուցման որակը և «Մեկ պատուհանի» ներդրման արդյունքում կկրճատի մաքսազերծման ծառայությունների համար պահանջվող ժամանակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am