Երևանում՝ 11:07,   10 Հունիս 2024

ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից

ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության 
թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի 
կողմից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի խորհրդարանի ընդունած նոր օրենքը «հեռացնում է երկիրը ԵՄ-ից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ֆարահ Դախլալլան։

«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը քայլ է սխալ ուղղությամբ և Վրաստանը հեռացնում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումից», - գրել է դաշինքի մամուլի քարտուղարը X սոցիալական հարթակում:

Նա Վրաստանին կոչ է արել «փոխել ուղեգիծը և հարգել խաղաղ բողոքի իրավունքը»։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը։

«Օրենքի ընդունումը բացասաբար է անդրադառնում ԵՄ-ի ուղղությամբ երկրի առաջընթացի վրա…. Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում հետ կանչել օրենքը», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

 Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին կայացած լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծի քննարկումն սկսվել էր ապրիլին։ Այդ պահից ի վեր Վրաստանում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ակցիաներ։ Մի քանի անգամ դրանք վերաճել են բախումների անվտանգության ուժերի հետ, հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ և ջրանետիչներ են կիրառել ցուցարարներին ցրելիս։

Օրենքին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ դա ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am