Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից:

ՀՀ վարչապետն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային հասանելիության պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել ԵՄ օժանդակության անհրաժեշտությունը: 

ԵՄ առևտրի գծով հանձնակատարը նշել է, որ Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, շուկաների դիվերսիֆիկացման, ստանդարտների ներդրման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով: Վալդիս Դոմբրովսկիսը հավելել է, որ այժմ հայաստանյան գործընկերների հետ մշակվում են տնտեսական և ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am