Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր  

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. 
նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է ՎԶԵԲ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Մոլդովայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ Երևանը շահագրգիռ է երկկողմ հարաբերությունները զարգացնել որոշակի ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ դեռևս 2000 թվականին Երևանն ու Քիշնևը դարձել են քույր քաղաքներ։ Այժմ հաստատման փուլում է երկու մայրաքաղաքների համագործակցության համաձայնագիրը։ «Մեզ համար կարևոր է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը, որի հիմքը մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն է: Մենք մեծապես կարևորում ենք հստակ ծրագրերի և նախագծերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը»,- ընդգծել է Արմեն Փամբուխչյանը:

Նշվում է, որ Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար և նշել, որ իրենք կարևորում են Երևանի հետ տնտեսական գործակցության հաստատումն ու խորացումը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ քննարկվել են նաև կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության այլ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, առաջարկվել է Քիշնևում անցկացնել Հայաստանի ու Երևանի օրեր: Քննարկվել են նաև Երևանում հայազգի գործիչ Մանուկ Միրզոյանի հիշատակին նվիրված կիսանդրու տեղադրման մանրամասները:
Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս վերահաստատել է փոխգործակցության պատրաստակամությունն ու վստահություն հայտնել, որ պատվիրակության այցը Երևան կլինի երկկողմ արդյունավետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am