Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Սերգեյ Փարաջանովի թանգարանը ռեժիսորի 100-ամյակը կնշի նոր ցուցադրություններով ու համերգով

Սերգեյ Փարաջանովի թանգարանը ռեժիսորի 100-ամյակը կնշի նոր 
ցուցադրություններով ու համերգով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի թանգարանը ռեժիսորի 100-ամյա տարեդարձը շարունակում է տոնել հետաքրքիր միջոցառումներով: Առաջիկայում նախատեսվում են նոր ցուցադրություններ, համերգային ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թանգարանային գիշեր»-ին նվիրված հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 17-ին, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը հիշեցրեց՝ հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկել են Փարաջանովի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին:

«Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Մենք պատիվ ունեցանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում ապրիլի սկզբին բացել լուսանկարչական ցուցահանդես, ներկայացված էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որը ցուցադրեց «Նռան գույնը»: Փարաջանովի երկրպագուները հնարավորություն ունեցան դիտելու ֆիլմից բաց թողնված կադրերը»,-պատմեց նա:

Թանգարանն աշնանը Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսում է ցուցահանդես կազմակերպել՝ կազմված Սերգեյ Փարաջանովի այն ստեղծագործություններից, որոնք մասնավոր հավաքածուներում են:

«Լինելու է մեծ գիտաժողով՝ նվիրված մեծանուն արվեստագետի ֆիլմարվեստին, գործունեությանը: Գիտաժողովին մարդիկ Փարաջանովին կճանաչեն տարբեր տեսանկյուններից: Նախատեսվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Իգիթյանի անվան կենտրոնի հետ համատեղ համերգ-ներկայացում, բալետային ներկայացում՝ նվիրված ռեժիսորին»,-ընդգծեց Անահիտ Միքայելյանը:

Խոսելով «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում կազմակերպված միջոցառումների մասին՝ նա տեղեկացրեց՝ համագործակցելու են Նորաձևության և դիզային պալատի հետ, յուրահատուկ ցուցադրության են ներկայացնելու: Ըստ տնօրենի՝ դիտելով ցուցադրությունը՝ այցելուները կտեսնեն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ռեժիսոր-արվեստագետը նորաձևության վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am