Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց վարժական հավաքների շրջանակներում 
քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝0, ձեռնպահ՝ 31։  

Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը։

Գործող օրենքով սահմանված է, որ քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումները ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը:

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, իսկ անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Քաղաքացուն ծանուցումն առաջինն իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունն իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում էլ քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից:

Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային հասցե չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հավաստող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված:

Նախագծով նախատեսվում է՝ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստման գործընթաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am