ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցեց «Հայաստան. Ստեղծենք միասին» ծրագրի աշխատանքներին
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հուլիսի 12-ին մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայաստան. Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկին, որն անցկացվում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտում կայացած հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրեց ցեղասպանության հանցագործության կանխարգելման, դատապարտման ուղղությամբ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը և այս ուղղությամբ ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումները: ԱԳ նախարարի տեղակալը խոսեց Երևանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի» արդյունքների ու ծրագրերի մասին:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանեց աշխարհի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների և շրջանավարտների բազմաթիվ հարցերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում