Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գերմանիան կարող է զոհաբերել Ցեղասպանության ճանաչումը հանուն Ինջիրլիքի բազայում ներկայության. Թեսա Հոֆման

Գերմանիան կարող է զոհաբերել Ցեղասպանության ճանաչումը հանուն Ինջիրլիքի բազայում 
ներկայության. Թեսա Հոֆման

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի դաշնային կառավարությունը, տեղի տալով պաշտոնական Անկարայի ճնշումներին, մտադիր է հետ քայլ անել և պաշտոնապես հայտարարել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու կանգնելու մասին: Այս մասին լուրը հրապարակել է գերմանական հեղինակավոր Spiegel պարբերականը:

Խնդրի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է «Ճանաչում ընդդեմ ցեղասպանության, հանուն միջազգային ընկալման. աշխատանքային խումբ» (Working Group Recognition – Against Genocide for Intenational Understanding) իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, Հայոց ցեղասպանության հարցով մասնագիտացած գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի հետ: Ստորև ներկայացնում ենք խնդրի առնչությամբ գերմանացի գիտնականի մեկնաբանությունը:

«Գերմանական մեդիան հայտնում է, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը տեղի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշմանը, ով Դաշնային կառավարությունից պաշտոնական ներողություն է պահանջում 2016 թվականի հունիսի 2-ին ընդունված բանաձևի համար: Այդ բանաձևում գերմանացի օրենսդիրներն առաջին անգամ պաշտոնական գնահատականը տվեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցության «կոտորածներին» և «տեղահանումներին»` անվանելով դա «ցեղասպանություն»:

Գերմանիայի կառավարության զիջողականությունն անակնկալ չէ, դա պարզապես շարունակությունն է այն ամոթալի ավանդույթի, որը նույնքան հին է, որքան այն հանցագործությունը, որին դա առնչվում է: Թուրքական համատեքստում` պաշտոնական Գերմանիան մշտապես «ազգային շահերը» վեր է դասել մարդու իրավունքների խնդիրներից, այս դեպքում` վեր օրինական ճանաչումից կամ ցեղասպանության հանցագործության ավելի խիստ դատապարտումից: Ներկայում Գերմանիան զոհաբերում է ճանաչումը` հանուն Ինջիրլիքի ռազմաբազայում (ի դեպ, այն նախքան 1915-ի ցեղասպանությունը եղել է հայկական գյուղ) գերմանական ներկայության համար Թուրքիայի թույլտվության:

Իրավական և ժողովրդավարական  տեսանկյունից` դաշնային կառավարությունը` որպես երկրի գործադիր մարմին, խախտում է օրենսդրի առաջնայնության ժողովրդավարական սկզբունքը: Մենք պետք է ընդունենք, որ թեպետ նման պահվածքն անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ, սակայն դա հաճախակիորեն կիրառվում է, երբ երկրները զգում են, որ իրենց օրենսդիրների կողմից ճանաչող բանաձևերը վնասում են երկրի «ռեալպոլիտիկը»: Պետք է հիշել, որ նախկինում դա տեղի է ունեցել նաև Հունաստանում, Շվեդիայում, ինչպես նաև Եվրամիության մակարդակով, երբ կառավարությունները դուրս եկան իրենց օրենսդիրների դեմ: Սակայն սխալ որոշումների կրկնությունը չի մեղմում իրավիճակը:

Բացի այդ, խաղադրույքը ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներն են: Նախ և առաջ դաշնային կառավարությունը թույլ է տալիս Թուրքիային ստորացնել մի երկրի, որը կարելի է համարել ԵՄ-ի քաղաքական ու տնտեսապես ամենահզոր երկիրը: Դաշնային կառավարության մտադրությունը նաև ցույց է տալիս, թե որքան հեշտ է սպառնալը այդ կառավարությանը:

Արդյոք մեզ պետք է ռազմական ներկայություն ունենալ Ինջիրլիքում. շատերն այս երկրում վստահաբար կասեն` ոչ:

Այժմ մենք սպասում ենք Թուրքիայի և Էրդողանի առջև մեր կառավարության պաշտոնական ներողության հստակ ձևակերպմանը»:

Գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:

Նախքան որոշման ընդունումը Բեռլինում քննարկումներ են տարվել, թե ով պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ: Spiegel-ի հաղորդմամբ` արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ցանկացել այդ դերը վերցնել իր վրա: Կանցլեր Մերկելի կողմից նման քայլը ևս հնարավոր չէր, քանի որ դա կարող էր դիտարկվել որպես զիջում Էրդողանի առաջ: Ի վերջո որոշվել է, որ մամուլի առաջ կխոսի կառավարության խոսնակ Զայբերտը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am