Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման կարճ և խաղաղ ճանապարհ է համարում ինքնորոշման իրավունքի իրացումը

ՀՀ-ն ԼՂ հակամարտության կարգավորման կարճ և խաղաղ ճանապարհ է համարում 
ինքնորոշման իրավունքի իրացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարճ ու խաղաղ ճանապարհը. դա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ չեն դասավորվել: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ողջունել են նաև համանախագահ երկրները, ինչն արտահայտված է տարբեր հայտարարություններում, ինքնորոշման իրավունքն արտահայտված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերում: Ժամանակին Միացյալ Նահանգների կոնգրեսն էլ է ողջունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքարը: Այնպես որ, մենք շարունակելու ենք այն հաստատումները, որ ունենք հակամարտության կարգավորման գործընթացում: Գոնե մեր տեսանկյունից բանակցությունները փակուղում չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Պատգամավորը հստակեցրեց, որ Հայաստանի համար բանակցությունները  գտնվում են հիմնավոր սպասողական վիճակում: Հայկական կողմը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում լիովին հիմնավորել է ԵԱՀԿ նախագահի գրասենյակի կարողությունների ավելացումը, հիմնավորել է, թե որքան մեծ է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Սա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների մոտեցումն է, որովհետև չի կարող լինել պատերազմի վտանգ, և զուգահեռ լինեն բանակցություններ: «Այս փուլում մենք սպասում ենք, թե որքանով կկարողանա միջազգային հանրությունը ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ընդունի անհրաժեշտություն համարվող հրադադարի ռեժիմի պահպանումը և որքանով հնարավոր կլինի Ադրբեջանում Ալիևի և իր խմբավորման մեջ ձևավորել այն ընկալումը, որ հարկավոր է խոսել Լեռնային Ղարաբաղի  ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Հարկավոր է Ադրբեջանի ժողովրդին պատրաստել դրան»,- հավելեց Արտակ Զաքարյանը:

Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝  չեն կարող լինել չարդարացված փոխզիջումներ, չեն կարող որևէ կերպ տուժել ԼՂ ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը, ԼՂ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությանը՝ Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ նման հանդիպում կկայանա, երբ կողմերը կհստակեցնեն օրակարգը: Նրա խոսքով՝ այս պահին դեռ հստակ օր չկա հանդիպման համար, սակայն բանակցություններ վարել՝ նշանակում է նաև նախագահների հանդիպում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am