Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թատրոնը ճաշակ է ձևավորում, հղկում անհատին. Գրիգոր Խաչատրյան

Թատրոնը ճաշակ է ձևավորում, հղկում անհատին. Գրիգոր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեոդոր Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վիպակի հիման վրա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում վերջերս բեմադրվեց «Անկոչ Աննա» ներկայացումը: «Արմենպրես»-ը զրուցեց ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի հետ:

-Ինչպե՞ս հայտնվեցիք թատրոնում:

-Սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ Արմեն Խանդիկյանի արվեստանոցում՝ ռեժիսուրայի բաժնում: Առաջին իսկ օրվանից նրա առաջարկով աշխատել եմ նախ որպես դերասան, այնուհետև՝ ռեժիսոր: Բանակից զորացրվել էի. աշխատանքային գործընթացը դադարեցնելու խնդիր չէի ունենա: Կարծում եմ՝ ցանկալի է, որ ռեժիսորը որպես դերասան աշխատի՝ արտիստների հետ աշխատանքը ավելի հստակ պատկերացնելու համար:

-Դժվար չէ՞ր որպես ռեժիսոր աշխատել ձեր խաղընկերների հետ:

-Բեմում աշխատել եմ չորս կամ հինգ տարի: Իմ հարազատ թատրոնն ինձ միշտ լավ է ընդունել և հնարավորություն տվել փորձել իմ ռեժիսորական նկրտումները: Ռեժիսուրան շատ բծախնդիր, պահանջկոտ մասնագիտություն է. առաջին հերթին մարդ իրենից է պահանջում, նոր դիմացինից. հավանաբար ամբողջ աշխարհում է այդպես:

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

-Թատերական ասպարեզում որո՞նք են ձեր հիմնական նախասիրությունները:

-Իմ նախասիրությունները շատ լայն են՝ և՛ դասական գործեր եմ բեմադրում, և՛ ժամանակակից: Ինձ համար ոչ մի ժամանակային, ոճային առանձնահատուկ բան չկա: Ընդունում եմ մարդկանց, որոնք մի ոճով են աշխատում, բայց ես՝ ոչ: Թատրոնը տեխնիկայի վայր չէ: Թատրոնում շոշափվում են մարդկային ճակատագրեր, հարաբերություններ, խնդիրներ, անհատին և ողջ մարդկությանը հուզող թեմաներ: Հայ հանդիսատեսը պահպանողական է: Մեծ մասը կոնկրետ պատկերացում ունի թատրոնի մասին և չի՛ ցականում դրանից շեղվել. ժամանակակից բուրժուազիայի ներկայացուցիչներին նկատի ունեմ, որոնք առաջ եկան անցումային փուլում: Նրանք նոր ուղղությունները դժվար են ընդունում, երբեմն չեն մերժում, պարզապես չեն նկատում:

-Թատրոնը դաստիարակչական գործառույթ իրականացնո՞ւմ է:

Մարդկանց դաստիարակում են կրթական հաստատությունները՝ մանկապարտեզը, դպրոցը, բուհը… Թատրոնը ճաշակ է ձևավորում՝ հղկում անհատին: Մարդը դաստիարակվում է, երբ ընթերցում է: Իսկ կարդալու արվեստը պետք է սովորեցնել, հատուկ ծրագրեր մշակել: Վատ երաժշտությունը վնասակար է: Գանգատ ունենալիս դիմում ենք բժշկի, և նա ասում է՝ ինչպես լուծել խնդիրը: Մենք էլ հոգու բժիշկներ ենք և ասում ենք. «Մի՛ լսեք այդ անճաշակ երաժշտությունը. դա վնասակար է»:

-Ի՞նչ կասեք ներկայիս թատերական իրականության մասին:

-Թատրոնում բազմաթիվ դժվարություններ կան, որոնք հիմնականում կապված են դերասանների ցածր աշխատավարձի հետ: Թատրոնների ֆինանսական հարցերով ներկայիս կառավարությունը, պետությունը չի զբաղվում: Հայաստանում դերասաններն այնքան շատ չեն, ինչքան ուսուցիչներն ու բժիշկները: Վերջերս ծանոթներիցս մեկը խնդրեց կազմել այն ներկայացումների ցանկը, որոնք, ըստ իս, անհրաժեշտ է, որ դիտեն ուսանողները: Նշեցի 14 ներկայացում միայն Երևանում: 700 000 բնակիչ ունեցող քաղաքի համար դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Երբ կինոն ստեղծվեց, ասում էին, թե թատրոնն ուր որ է կմեռնի, և մինչ օրս շատերը նման հայտարարություններով են հանդես գալիս: Ըստ իս՝ թատրոնը կմեռնի այն ժամանակ, երբ մարդու կյանքում վերանա ծեսը: Մեր ողջ կյանքը ծիսակատարություն է. մենք բարևում ենք միմյանց, շնորհավորում… Այդ ամենը ծես է, առանց որի մարդը կենդանու կվերածվի:

-Բեմադրել եք Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վեպի հիման վրա «Անկոչ Աննա» ներկայացումը: Ինչո՞ւ հենց այդ գործը:

-Դոստոևսկու յուրաքանչյուր գործ կարելի է բեմադրել. անգամ նրա նամակները: Ինձ համար նա գրող չէ, այլ մարգարե: Դոստոևսկին ժամանակ չի՛ ճանաչում և եզակի հեղինակ է, ով մի տողով կարող է ամեն ինչի մասին գրել: Ըստ Դոստոևսկու՝ որևէ մեծ աշխատանք, գաղափար, գործ չարժե երեխայի մի կաթիլ արցունքը: Ես էլ եմ այդպես կարծում: Ցանկալի կլիներ, որ ողջ մարդկությունն այդպես մտածեր և դաստիարակվեր: «Նետոչկա Նեզվանովան» պատմում է 9 տարեկան աղջնակի մասին:

-Բեմադրություն անելիս նախապես պատկերացնո՞ւմ եք, թե որ դերասաններն են խաղալու տվյալ դերերը:

- Եթե չունես Համլետի կամ Նետոչկայի դերակատար, բնականաբար չես անի այդ բեմադրությունը: Գիտեի, որ մեր թատրոնում կան համապատասխան դերասաններ, ուստի բեմադրեցի այն: Շատ կցանկանայի Դոստոևսկու «Идиот»-ը բեմադրել, բայց դեռ համապատասխան դերակատարներ չկան:

-Պրեմիերայից հետո ի՞նչ արձագանքներ եղան:

-Միայն մեր խորհրդի կարծիքներն եմ լսել, որոնք իրարամերժ էին, ինչը բնական է. բոլորը չեն կարող հավանել: Ներկայացումներով պայքարում եմ այն ամենի դեմ, ինչը ինձ կատաղեցնում է՝ անգրագիտություն, տգիտություն, անդաստիարակություն, պետական արժեքների դեմ հանցավոր վերաբերմունք, երկրի հանդեպ անպատշաճ հարգանք:

-Նոր ներկայացման գաղափարներ ունե՞ք:

-Շատ եմ ցանկանում «Քաջ Նազարը» բեմադրել: Ավելի ժամանակակից ու արդիական գործ չեմ պատկերացնում: Մտածում եմ նաև «Ֆիգարոյի ամուսնությունը» բեմադրելու մասին: Տեսնենք՝ որը առաջ կընկնի:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]