Եգիպտոսում «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագրով գիտաժողով է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Կահիրեի համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 18-19-ը անցկացվել է «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, գիտաժողովին մասնակցել են բազմաթիվ բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ և մշակութաբաններ` Հայաստանից, Եգիպտոսից, Լիբանանից և Միացյալ Թագավորությունից։
Հայագիտության, հայ-արաբական պատմամշակութային կապերի, Եգիպտոսում և արաբական աշխարհում հայերի ունեցած ներդրման, Հայոց ցեղասպանությունը վերապրածներին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցության և այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը, ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, Կահիրեի Համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն Սալահ Մահգուբը և այլք։
Գիտաժողովի բացման խոսքով ներկաներին է դիմել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով բարձր է գնահատել Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը, կարևորել Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների և Կենտրոնի միջև համագործակցության ամրապնդումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում