Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ադրբեջանը սրում է իրավիճակը, զորավարժությունները Վիեննայի փաստաթղթի խախտում են. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը սրում է իրավիճակը, զորավարժությունները Վիեննայի փաստաթղթի խախտում են. 
Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներից եւ ընդունել է այն շրջանակը, որը բանակցությունների համար առաջարկում են Մինսկի խմբի եռանախագահները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը: Ադրբեջանը մի քանի ամիս ընդհանրապես հրաժարվում էր հանդիպել անգամ եռանախագահների հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին: Ադրբեջանն ինչպես միշտ սրում է իրավիճակը: Այժմ այն հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որտեղ ներդրված է լինելու ադրբեջանական բանակի համարյա ամբողջ ներուժը՝  60  հազարի հասնող զորք, արկեր, հրթիռներ եւ այլն: Դա նաեւ Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն` իրենք պետք է 42 օր առաջ տեղյակ պահեին այդ մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9000-ի: Նրանք ոչ միայն տեղյակ չեն պահել, այլեւ Համբուրգի հանդիպումից առաջ գնում են այս քայլին, որը, իհարկե, սրում է վիճակը»,-ասաց նախարար Նալբանդյանը՝ նշելով, որ Համբուրգում (դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակում) կայանալիք հանդիպման ձեւաչափը դեռեւս հստակեցված չէ:

Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել եռանախագահության ձեւաչափում: «Մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են հանդիպելու, մյուս կողմից էլ փաստորեն առավելապաշտական նկրտումներ են անվանարկում եւ հայտարարում են, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի հիման վրա կարող է հիմնախնդրի լուծումը գտնվել: Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել եւ կրկնել են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային  ամբողջականություն, եւ այդ սկզբունքները ներկայացնում են մեկ ամբողջություն: Փորձել տարանջատել այդ սկզբունքները մեկը մյուսից, կստեղծի բավականին դժվար վիճակ հիմնախնդրի կարգավորման համար»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կատարել Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) եւ Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անում է ամեն ինչ, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն: «Պետք է ասեմ, որ ոմանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող  է գնալ իրավիճակի սրման, հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին  Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում: Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերն ուղղված են  նրան, որպեսզի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար ստեղծվեն համապատասխան պայմաններ»,-նշեց ՀՀ արտգործնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am