Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սեյրան Օհանյանը հայտարարում է առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու մասին

Սեյրան Օհանյանը հայտարարում է առաջիկա ընտրություններին ակտիվ մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ չի կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին, քանի որ կանգնած է եղել պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ 17 տարի ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները:

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ,

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:

Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման»,- ասված է Օհանյանի տարածած հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ իր  համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում: «Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը և գործիչները պարտավոր են դրսևորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և զսպվածություն: Սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական և ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը»:

Սեյրան Օհանյանը հայտնում է, որ կարևորելով առաջիկա գործընթացները՝  սկսել է խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: «Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ: Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին:

Տեսակետներս և մտահոգություններս հասարակությանը առանց միջնորդների ներկայացնելու, միևնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց կօգտագործեմ նաև իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը, քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս:

Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am