Գեղարքունիքի մարզում 2016 թվականին գործել են 27 արտադրական ձեռնարկություն
18:55, 21 Հունվար 2017
ԳԱՎԱՌ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2016 թվականի տնտեսական տարում գործել են արտադրական 27 ձեռնարկություն, որոնք զբաղված են գյուղմթերքների եւ սննդի վերամշակմամբ, հանքային արդյունաբերությամբ, տարբեր նշանակության իրերի արտադրությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնից, խոշոր արտադրական ձեռնարկություններից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» «Աքվատիկ», «Սևանի հացի գործարան», «Հրանդ Կարապետյան», Ակունքի «Էկոկաթ», Լճաշենի «Արա-Արեգ» ընկերությունները: Նույն աղբյուրի համաձայն՝ Գեղարքունիքի մարզում ՀՆԱ-ն 2015 թվականին 2011 թվականի հետ համեմատած աճել է շուրջ 34121,8մլն դրամով կամ 15 տոկոսով: Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ թողարկվել է շուրջ 24.2 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 110.6 տոկոսով, նույն ժամանակահատվածի հետ համեմատած որպես պատրաստի արտադրանքի իրացում՝ ընթացիկ գներով իրացվել է շուրջ 12.9 մլրդ.դրամի արտադրանք ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:
2017 թվականի հունվարի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են 529 առեւտրային ձեռնարկություններ, այդ թվում՝ 2 սպառողական ապրանքների եւ 2 գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ: Նախորդ տարվա համեմատությամբ մարզում առեւտրային ձեռնարկությունների թիվն ավելացել է շուրջ 52-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Գեղարքունիքի մարզում 2016 թվականի օգոստոսի տվյալներով կազմել է 151 հազար 413 դրամ: Մարզում զբաղվածների թիվը արդյունաբերության ոլորտում կազմել է 1158 մարդ, առեւտրի ոլորտում` 857 մարդ:
Մարզում սեզոնային շուրջ 586 նոր աշխատատեղ են բացվել շինարարության, ճանապարհաշինության եւ սեզոնային առեւտրի բնագավառում:
Խոսրով ԽլղաթյանԲաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում