ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված մրցույթների իրականացումը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը:
«Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև 19 տարեկան մասնակիցները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 և 350 հազարական դրամ պարգև: Դիմելուվերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչև փետրվարի 28-ը:
«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչև մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհրաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, և 400 հազարական դրամ: Սահմանվել է նաև 700 հազար դրամ պարգևավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար:
Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: 2008թ-ից ծրագրի շրջանակում դպրոցականները ուսումնասիրում են ռոբոտաշինության հիմունքներ, իսկ 2014-ից ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում