Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ելույթ է ունեցել Քրիստոսի վերականգնված գերեզմանի բացման արարողությանը

Երուսաղեմի Հայոց պատրիարքը ելույթ է ունեցել Քրիստոսի վերականգնված գերեզմանի 
բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի գերեզմանը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 22-ին բացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին, կառավարություններին ու անհատներին, որոնք բարոյական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերել գերեզմանի վերանորոգման աստվածահաճո գործում: Իր ելույթում Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը խնդրել է հունաց պատրիարքին եւ Սուրբ Երկրի Քուստոսին  համաձայնել տարին մեկ անգամ արտոնություն տալ Ղպտի,  ասորի, եթովպական, անգլիկան եւ բողոքական եկեղեցիներին Սուրբ զատկից հետո մեկ անգամ Քրիստոսի գերեզմանի վրա պատարագ մատուցել:

Արարողության ժամանակ Մայր Աթոռի ներկայացուցիչն ընթերցել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը: Սուրբ Հարության տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտությունը: 

Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները վստահվել էին Աթենքի ազգային տեխնիկական համալսարանից հույն մասնագետների խմբին, որը վերանորոգումն ավարտել է Սուրբ Զատկի նախաշեմին՝ սրբավայրին վերադարձնելով երբեմնի վեհաշուք տեսքը: Մասնագետները մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդները ու դրանք կրկին հետ դրել, մաքրվել են որմնանկարներն ու առաստաղը: Մասնագետներն ահազանգել էին, որ չվերանորոգելու պարագայում կար հավանականություն, որ գերեզմանը կփլուզվի:

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը: Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի և Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման և վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաև հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am