Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Երևանյան բեսթսելեր 4/54. Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վերադարձել է ամենավաճառվածների ցանկ

Երևանյան բեսթսելեր 4/54. Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վերադարձել է 
ամենավաճառվածների ցանկ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: 

Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ տեղը զբաղեցրել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Երրորդ տեղում Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ չորրորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս շաբաթ մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» մեկ հորիզոնականով ներքև է իջել և վեցերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Յոթերորդ տեղում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:

Ութերորդ հորիզոնականում երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպն է: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է: Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և  իններորդ տեղը զբաղեցրել Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպը: 
Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ, դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

Ցանկը եզրափակում է բրազիլացի գրող Պաուլու Կուելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 92
2 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 51
3 -1

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 38
4 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 32
5 -1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 20
6 -1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
7 -1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 12
8 -1

Էդգար Կոստանդյան

«Կուկու»

Վարդ Հրատ 12
9 *

Ջոն Ստայնբեք

«Ցասման ողկույզները»

Զանգակ 10
10 *

ՊաուլուԿոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am