Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում ապրիլի 30-ը հայտարարվել է սգո օր` կապված Օշսկի շրջանում ապրիլի 29-ի առավոտյան գրանցված սողանքի հետևանքով Այուու գյուղի 24 բնակչի զոհվելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Interfax-ը:
Ղրղզստանի նախագահը ստորագրել է հրամանագիր սգո օր հայտարարելու մասին: Ապրիլի 30-ին ողջ հանրապետությունում և Ղրղզստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կխոնարհվեն պետական դրոշները, չեղյալ են համարվել այդ օրը նախատեսվող ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները:
Շուրջ 1 մլն քառակուսի մետր ծավալով սողանքը ծածկել է 11 տուն, որոնցից չորսը դատարկ են եղել: Երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը չի բացառել սողանքի կրկնման հնարավորությունը: Նախնական տվյալներով` սողանքի տակ է մնացել վեց ընտանիք, այդ թվում և ինը երեխա:
ԱԻՆ տվյալներով` 2003 թվականին սողանքի տակ հայտնված տների սեփականատերերը պետության կողմից փոխառություններ են ստացել այդ վայրից ավելի ապահով մի տեղ տեղափոխվելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում