Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Թուրքիային թույլ տալ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա

Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Թուրքիային թույլ տալ գերմանացի 
պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի սխալ որոշումից: «Եթե այս որոշումը մնա իբրև վերջնական, այդ ժամանակ չեմ կարծում, թե մենք կմտածենք գերմանացի զինվորներին թողնել Թուրքիայում: Հուսով ենք, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը»,- ասել է Գաբրիելը՝ ընդգծելով, որ գերմանացի պատգամավորներին պետք է թույլատրվի գնալ Ինջիրլիքի ռազմաբազա:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ներկայում գտնվում է 260 գերմանացի զինվոր:

Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հայտնել է գերմանացի զինվորներին տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am